Գրախանութից գողացվել է շուրջ 297 հազար դրամի գիրք
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Բուկինիստ» ՍՊ ընկերությանը պատկանող գրախանութից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Գ.Հովհաննիսյանը մի քանի օր շարունակ տարբեր ժամերի իբրև հաճախորդ գնացել է Մաշտոցի 20 հասցեում գտնվող «Բուկինիստ» ՍՊ ընկերության պատկանող գրախանութ եւ գաղտնի հափշտակել ընդհանուր առմամբ 77 հատ տարբեր տեսակի գրքեր։ Գողացված գրքերը գնահատվել են 296.704,21 դրամ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ ` Գ.Հովհաննիսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողություն) 1-ին մասի հատկանիշներով (5 դրվագ):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ` ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։