Այսօր Հայաստանում համաներումն անհրաժեշտություն է. քննարկում
«Հայաստանում համաներումն այսօր անհրաժեշտություն է, քանի որ Հայաստանում չի գործում անաչառ, արդար դատարան, արդարացումները մեկ տոկոսի են հասնում, այն էլ համաձայնեցված, վաղաժամկետ ազատման մեխանիմզը չի գործում, բանտերի պայմաններն ահավոր են: Այս պայմաններում միակ լուծումն, իշխանություններն էլ են գիտակցում, համաներումն է, որն իշխանության բարի կամքն է»: «Համաներում հայտարարելու անհրաժեշտությունը Հայաստանում. խնդիրները և միջազգային փորձը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Նա նշեց, որ սա միակ դեպքն է, որ ինչ-որ չափով, իսկապես փրկում է դատապարտյալներին:
«Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արտակ Զեյնալյանն ասաց, որ համաներումը պետք է իրականացվի ժողովրդի կամքով, ժողովուրդն իր մեծահոգությունը պետք է ժամանակ առ ժամանակ ցուցաբերի հանրության դեմ ոտնձգություն իրականացրած անձանց ներելու համար:
«Այս սկզբունքն աղավաղված է, աղճատված է, չի գործում, որոշակի դարձել է մեխանիկական արարողակարգ: Բուն էությանը, խորքային էությանը չի ընկալվում, գիտակցվում: Համաներումը հանրության նկատմամբ հանցագործություն կատարած անձի կողմից չի ընկալվում որպես հանրության կողմից իրեն մեծահոգաբար ներում, որը նույնպես դաստիարակչական ակտ է, ակցիա է: Մեծահոգությունը, ներողամտությունն ինքնին շատ մեծ դաստիարակչական ազդեցություն պետք է ունենան: Դա պետք է արվի նաև այդ նպատակով: Իշխանությունը համաներում հայտարարում է բանտերը բեռնափաթելու համար: Արդարադատության ողջ համակարգը լծված է բանտերը լցնելու ֆունկցիայով, իսկ համաներումը բանտերը բեռնաթափելու մի պատրվակ է»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ Հայաստանում ազգաբնակչության համեմատ բավականին շատ դատապարտյալներ կան:
Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ համաներում հայտարարելու անհրաժեշտություն կա, քանի որ իրականում որևէ փոփուխություն չի կատարվում մեկուսարանների գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար: Ըստ նրա, փորձը ցույց է տալիս, որ համաներման տեքստը պատրասվում է ոչ թե ըստ անհրաժեշտության՝ որ հոդվածի նկատմամբ պետք է կիրառվի համաներումը, որ հոդվածի նկատմամբ՝ ոչ, որ հոդվածը հետևողականորեն ներել չի կարելի, որ հոդվածը կարելի է ներել:
«Հայաստանում այդպես չէ: Նախկին համաներման տեքստը կարդալով հասկանում ես, որ խնդիր էր լուծվում՝ կոնկրետ տվյալ անձը պետք է ազատ արձակվի»,- ասաց Լ. Սահակյանը:
Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ 1991 թվականից սկսած Հայաստանում 9 համաներում է եղել, վերջինը՝ 2013-ին: Ըստ նրա, համաներում հայտարարելու պրակտիկան աշխարհում ընդունված է: Հ. Հովհաննիսյանի խոսքով, համաներման գործընթացն ունի նաև սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական, դեմոգրաֆիական ասպեկտներ, և պետք չէ կապել միայն դատարանների աշխատանքով:
«Կարևորեմ բարոյահոգեբական գործոնը և դրանով ընդգծեմ, որ համաներումն այսօր անհրաժեշտություն է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ, վստահ եմ, որ այդպիսի քաղաքական ակցիա պետք է իրականացնել: Բարոյահոգեբանական տեսակետից կարծում եմ, որ այդ ակցիան կարող է լինել մեր տարբեր սոցիալական խմբերի խավերի միջև որոշակի համերաշխության, ներողամտության դրսևորում, ոմանց համար նաև դաստիարակչական ուղերձ»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց