Աբովյան փողոցում արձակված կրակոցի փաստի առթիվ քրգործ է հարուցվել
Ապրիլի 27-ին՝ ժամ 19։30-ի սահմաններում, Աբովյան փողոցում հրազենից արձակված կրակոցի դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում են քննչական կոմիտեից:
Ըստ աղբյուրի, հանցագործություն կատարած անձն ապօրինի ձեռք բերված և պահվող հրազենից արձակել է կրակոց, որի հետևանքով վնասվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 36 հասցեում գործող սուպերմարկետի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ըստ աղբյուրի, դեպքի վայրի զննության ընթացքում հիշյալ ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի հատակից հայտնաբերվել է կրակված գնդակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: