Ազգային ժողովում ստորագրահավաք է Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու խնդրով
Ազգային ժողովում այս պահին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել` մայիսի 4-ին ձերբակալված ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու խնդրով: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը:
«Այս պահին ստորագրահավաք է իրականացվում, ստորագրությունների ստույգ քանակ չեմ կարող ասել»,-փոխանցեց Բաբայանը:
Մինչ այդ, ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ 73 տարեկան Գոհար Ենոքյանը հասարակության համար որևէ վտանգ չի ներկայացնում, առողջական վիճակը վատ է:
«Չենք կարող ձև անել, թե ոչինչ տեղի չի ունեցել: Ես երեկ եղել եմ Գոհար Ենոքյանի մոտ և պնդում եմ, որ տիկին Ենոքյանի առողջությունը ծայրահեղ վատ է: Ես դիմում եմ խորհրդարանի իմ գործընկերներին, ովքեր խափանման միջոցը փոխելու ստորագրահավաք են նախաձեռնել: Ես վստահ եմ, որ Գոհար Ենոքյանը, ազատության մեջ լինելով, հանրային որևէ վտանգ չի ներկայացնելու՝ փառահեղ արդարադատության համար իրենց վճիռը կայացնելու»,- հավելեց Զոհրաբյանը:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր երեկ երեկոյան հարցաքննությունից հետո: Նա կասկածվում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանությունը նախապատրաստելու մեջ: Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը Panorama.am-ին ասել էր, որ Ենոքյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու գործ է ու անհիմն:
Գործը քննվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում, սակայն առայժմ ՀՔԾ-ից որևէ պաշտոնական տեղեկություն չի տարածվել, թե հատկապես ինչ գործի շրջանակներում է կատարվել Ենոքյանի ձերբակալությունը:
Նախորդող հրապարակում`
Յուվեցի Կարոյի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով Գոհար Ենոքյանը ձերբակալվել է