«Արմենիա Մարիոթ»-ից 1 մլն-ից ավելի գումար են գողացել
Երևանի կենտրոնում գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցից վերջերս խոշոր չափի գողություն է կատարվել: Գողության մեջ կասկածվում է անվտանգության աշխատակից Տիգրան Բաղդասարյանը:
Ըստ մեղադրական եզրակացության, 26-ամյա Բաղդասարյանը հերթափոխի ընթացքում գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ անվտանգության աշխատակիցների հանգստի սենյակի պահարանից վերցրել է հափշտակության պահեստային էլեկտրոնային բանալին, ապա դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել հաշվապահություն և այնտեղ գտնվող պահարանից գողացել «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ին պատկանող խոշոր չափի` 1.600.000 ՀՀ դրամ գումար:
Տիգրան Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` «խոշոր չափի գողություն»: Տիգրան Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Այս արարքը օրենսգրքով պատժվում է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Panorama.am-ը տեղեկանում է, որ այս քրեական գործը կքննվի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: