Արդարադատության նախարարության և Փաստաբանների պալատի միջև կնքված հուշագրի շահառուն լինելու է քաղաքացին
Հայաստանի արդարադատության նախարարությունը և Փաստաբանների պալատն իրենց համագործակցությանը տվեցին փաստաթղթային տեսք, քանի որ մինչ այս էլ այդ համագործակցությունը կար ու կշարունակվի: Նախարարության և Փաստաբանների պալատի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Հուշագրի հիմքում մարդն է ու մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: Սա նշանակում է, որ այս հուշագրի շահառուն լինելու է քաղաքացին, հասարակությունը: Այս տեսակետը շատ ենք կարևորում»,- ասաց նա:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ նշեց, որ հուշագրով նախատեսվում է երկու կողմերի ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի համատեղ, արդյունավետ, օպերատիվ քննարկում ու համապատասխան որոշումների կայացում:
Փաստաթղթի շրջանակում կողմերը կհամագործակեն մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ նախարարության համակարգում փաստաբանական դպրոցի ունկնդիրների կամ շրջանավարտների համապատասխան պրակտիկայի կազմակերպում, փաստաբանական գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի կազմում և այլն: Ընդհանուր առմամբ, հուշագրի նպատակն է փոխադարձ համագործակցության շրջանակի ապահովում և կողմերի միջև գործակցության խթանում՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
«Իհարկե, սրանով չի ավարտվում այն բոլոր ուղղությունները, որոնք նախանշվել են հուշագրով: Հույս եմ հայտնում, ազդարարում եմ, որ այս համագործակցության հուշագիրը կհանդիսանա կարևոր ճամփաբաժան, որից հետո արդարադատության նախարարության ու Փաստաբանների պալատի ջանքերը կբազմապատկվեն, որպեսզի մեր համագործակցության բոլոր հնարավոր ուղիները, եղանակներն ավելի արդյունավետ դառնան, և մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրները օրենքով, գրված ու չգրված նորմերով ավելի արդյունավետ իրականացնել»,- ասաց նախարարը:
Հ. Մանուկյանի խոսքով, վերջին ամիսներին օրենսդրական ոլորտում եղել են մի շարք կարգավորումներ, նախագծեր, որոնք ծնվել են փաստաբանների առաջարկությունների հիման վրա կամ համատեղ քննարկումների արդյունքում:
«Արդարադատության նախարարության կարևոր առաքելություներից մեկը իրավական ակտերի փորաձաքննությունն է: Այս հարցում Փաստաբանների պալատը շահագրգռված է, որպեսզի հնարավորություն ունենա այդ ակտերի վերաբերյալ իր կարծիքը հայտնել, մասնակցություն ունենալ դրանք կազմելու ընթացքում»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահը:
Արա Զոհրաբյանի խոսքով, որ երկու կառույցները նշանակելու են մեկական պատասխանատու ներկայացուցիչ, ովքեր կարգավորելու են աշխատանքները, ահազանգեր լինելու դեպքում նրանք անհապաղ տեղեկացնելու են համապատասխան անձանց՝ լուծում գտնելու համար:
Պատասխանելով հարցին, թե Փաստաբանների պալատը համագործակցության հուշագիր է ստորագրել նաև ոստիկանության հետ, ինչպե՞ս եք գնահատում այդ հուշագրի արդյունավետությունը, Արա Զոհրաբյանն ասաց, որ այն հաջողված համագործակցության ակտերից մեկն է:
«Մեր փաստաբանները հաճախ խնդիրներ էին ունենում իրենց վստահորդների մոտ հասնելու առումով, որոշ ոստիկաններ իրենց ցածր իրավագիտակցության պատճառով չէին թույլատրում փաստաբանին մոտենալ վստահորդին: Հուշագրի շրջանակում ձևավորվեց հանձնախումբ, խնդիրների դեպքում փաստաբանը տեղյակ է պահում այդ հանձնախմբին և հարցը լուծվում է: Մի քանի ոստիկան արդեն պատասխանատվության են ենթարկվել, մեկն էլ հեռացվել է համակարգից այն պատճառով, որ խոչընդոտել են փաստաբանի գործունեությանը»,- ասաց Ա. Զոհրաբյանը: