«Երեխաների աչքի առաջ կնոջը սպանած տղամարդը փորձում է մեղմ պատժի հասնել». Սպանվածի մոր մտահոգությունը
2012-ի դեկտեմբերի 4-ին ընտանեկան վիճաբանությունը վերջացավ սպանությամբ: Ամուսնու կողմից դանակի 21 հարվածից հետո Դիանա Նահապետյանը մահացավ:
«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ ծրագրի համակարգող Սոնա Հովակիմյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց սպանությունից ու այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործից. «Սպանությանը ներկա են եղել նրանց երկու անչափահաս երեխաները, դա հիմնավորվում է քրեական գործի նյութերով, առկա են երեխաների տված ցուցմունքները»:
Ս. Հակոբյանի խոսքով, քրեական գործի շրջանակում անցկացված երկրորդ դատաբժշկական, դատահոգեբանական փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ ամուսինը՝ Վոլոդյա Մուրադյանը հոգեպես առողջ է, սակայն այդ պահին եղել է հոգեկան հուզմունքի՝ աֆեկտի մեջ, «որը միանշանակ նրա պատժաչափն ու պատասխանատվությունը նվազեցնում է»:
Հակոբյանն ասաց, որ երկրորդ փորձաքննության արդյունքները չեն բավարարել ոչ տուժող, ոչ էլ մեղադրող կողմին, ինչի համար էլ երրորդ փորձաքննություն են պահանջել: Այն դեռ ընթացքի մեջ է: Հակոբյանը հույս ունի, որ արդյունքներն օբյեկտիվ կլինեն, իսկ հանցագործը կստանա արժանի պատիժ:
Սպանված Դիաննայի մայրը՝ Վալյա Նահապետյանն անհանգստացած է, 35 տարեկան դստերը սպանած ու երկու անչափահաս երեխաներին առանց մայր թողած տղամարդը փորձում է ամեն կերպ մեղմ պատիժ ստանալ. «Ես մի բան եմ ուզում, որ կատարվի արդար դատ, դատավարություն, և իր արածի համար արժանի պատիժ ստանա, ոչ թե փորձեն պատժից խուսափել»:
Հիմա երեխաների Վ. Նահապետյանն է խնամում, ասաց, որ երեխաների համար շատ դժվար է, նրանք ականատես են եղել մոր դաժան սպանությանը: