Անհատական ներումների շնորհման որևէ դրդապատճառ երբևէ չի բացատրվում. Վիգեն Սարգսյան
«Անհատական ներումների շնորհման որևէ դրդապատճառ երբևէ չի բացատրվում: Դա անձին վերաբերող խնդիր է, և նախագահի բացառիկ լիազորությունն է ներում շնորհելը, հետևաբար այդ գործառույթն իրականացնելիս չկա լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն», -այսօր Ազգային ժողովում 2014-ի բյուջեի կատարողական քննարկման ժամանակ հայտարարեց Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, թե նախագահի կողմից քանի դատապարտյալի ներում շնորհվեց 2014-ին և ինչո՞ւ ներում շնորհվեց «Սյունիքի մարզպետի մերձավորներին»:
Սարգսյանը հիշեցրեց, որ գործում է հասարակական խորհրդատվական խումբ, որը նախապես քննարկում է ներում հայցող դատապարտյալի դիմումը և զեկուցում Հանրապետության նախագահին: Նրա խոսքով, նախագահի կողմից տարեկան շնորհվում է շուրջ 20 ներում:
Զարուհի Փոստանջյանը պնդեց հարցը, թե ինչո՞ւ հենց այդ անձանց է ներում շնորհվում, Վիգեն Սարգսյանը կրկնեց պատասխանը` ասելով, թե ներում շնորհելը նախագահի բացառիկ լիազորությունն է:
«Ցանկացած երկրում, որտեղ կա ներման ինստիտուտ, ներումը նախագահի բացառիկ լիազորությունն է: Դա միշտ քաղաքական որոշման արդյունք է և ներման վերաբերյալ յուրաքանչյուր որոշում կայացվում է բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով: Այդ որոշումները մեր օրենսդրությամբ չեն մեկնաբանվում, հետևաբար հազիվ թե ստանաք տեղեկատվություն, թե ինչու մեկի դիմումը մերժվում է, մյուսինը` բավարարվում», -ասաց Վիգեն Սարգսյանը:
Այնուամենայնիվ, նախագահի աշխատակազմի ղեկավարը նկատեց, որ ներում շնորհելիս հաշվի են առնվում, թե տվյալ անձն ինչ ծանրության հանցանք է գործել, ունի՞ անչափահաս երեխաներ, թե՞ ոչ, ինչ վարքագիծ է դրսևորել պատիժը կրելիս ևն: