ՀՀ ոստիկանապետը Սուրիկ Խաչատրյանի մահափորձի դեպքում բեմադրության նշույլներ չի տեսնում
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հնարավոր համարում է, որ քսան անգամ կրակեն մեքենայի վրա, իսկ մեջըգտնվող մարդիկ չվնասվեն: Սարդարապատի հուշահամալիրում պատասխանելով լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ 20 փամփուշտ կրակեն, որևէ մեկը քերտվածք չստանա, նա նշեց. «Այո, հնարավոր է, որ մարդ չվնասվի»:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե արդյո՞ք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ կրակելու դեպքում բեմադրության նշույլներ չեք տեսնում, Վ. Գասպարյանն ասաց. «Իհարկե, չեմ տեսնում»:
Նրա կարծիքով, Սուրիկ Խաչատրյանը Հայաստանի անվտանգության համար սպառնալիք չէ:
Սուրիկ Խաչատրյանի «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ մայիսի 20-ին կրակահերթն արձակվել էր Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում: Ավտոմեքենայի մեջ եղել են Սուրիկ Խաչատրյանը և ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 19 պարկուճ, 3 գնդակի միջուկ։ Քրեական գործով մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ, հարցաքննվել և հարցաքննվում են մի շարք անձինք։ Սյունիքի մարզպետի և ավտոմեքենայի մեջ գտնված մյուս, ինչպես նաև քրեական գործով հարցաքննված մի քանի այլ անձանցից վերցվել են փորձանմուշներ և կրակոցների արգասիքների հետքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։