Գ. Սահակյան. Դատախազական համակարգը կարողանում է քայլել ժամանակին համընթաց
Դատախազությունն անցել է կայացման և զարգացման երկար ճանապարհ՝ մշտապես առանձնահատուկ տեղ զբաղեցնելով պետական մարմինների համակարգում: Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում շնորհավորական խոսքում ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Մյուս կողմից, այնքան էլ վաղուց չէ, որ անկախ Հայաստանում պաշտոնապես նշվում է Դատախազության աշխատողի օրը և այդ տեսանկյունից սա դեպի հետագա հոբելյաններ տանող ճանապարհի հերթական փուլն է: Ի պատիվ ձեզ, պետք է ասեմ, որ դուք հաջողությամբ եք անցնում այդ ճանապարհը»,-ասել է օրենսդիր մարմնի ղեկավարը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, խոսնակը նաև նշել է. «Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում որևէ կառույցի աշխատանքը գնահատելու համար նրա գործունեության ժամանակահատվածի տևողությունը ոչ միշտ է ընդունվում որպես գնահատման հիմնական չափանիշ: Ավելի կարևոր է ժամանակի ռիթմը զգալը և ձեռքբերումներ արձանագրելը: Այս տեսանկյունից կարելի է ասել, որ դատախազական համակարգն իր կենսագրությամբ կարողանում է վստահորեն քայլել ժամանակին համընթաց: Այն, որ նրա հասցեին հնչում են նաև քննադատություններ, նշանակում է, որ համակարգն աշխատող, գործուն և կենդանի օրգանիզմ է, որի պարագայում, բնական է ե՛ւ դրվատանքի, ե՛ւ դժգոհության առկայությունը: Սա նշանակում է լինել ուշադրության կենտրոնում, արժանանալ վերաբերմունքի, ինչն իր հերթին վկայում է, որ մարդկանց մեջ կոտրվում է հասարակական կյանքի նկատմամբ անտարբերության պատը` անկախ նրանց արձագանքից»:
Նա ընդգծել է, որ իրավական հարթությունից բացի շատ կարևոր է դատախազության ու հասարակության փոխադարձ կապը և միմյանց հասկանալի ու լսելի լինելը, ինչը նշանակում է նոր մակարդակի բարձրացնել դատախազություն-քաղաքացի փոխհարաբերությունները: Այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը դատախազական համակարգում միտված են ավելի հստակ ու վստահելի դարձնել այդ հարաբերությունները:
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար Գալուստ Սահակյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով է պարգևատրել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Փանոսյանին, Շիրակի մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանին և Սյունիքի մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աֆանդյանին:
Նախորդող լուր՝
Սերժ Սարգսյանը՝ դատախազության աշխատողներին. Պետք է անզիջում լինեք կոռուպցիայի դրսևորումների հանդեպ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ