Պրոբացիոն ծառայությունն ավելի շատ պետք է կենտրոնանա վերականգնման վրա. Էնդի Բերնարդ (տեսանյութ)
«Դժվար է դուրս գալ պատժային մտածելակերպից և ավելի շատ կենտրոնանալ իրավախախտի վերականգնման հարցերի շուրջ: Պրոբացիոն ծառայությունն ավելի շատ պետք է կենտրոնանա վերականգնման վրա»,-Պրոբացիոն ծառայության վերապատրաստման մոդուլների և կիրառման ձեռնարկի նախնական տարբերակի ներկայացման ժամանակ ասաց պրոբացիոն ծրագրի կարճաժամկետ խորհրդատու Էնդի Բերնարդը:
ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Հայկ Խեմչյանի խոսքով էլ պրոբացիոն ծառայությունը կոչված է օգնելու ճիշտ որոշում կայացնելու համար:
«Մենք արդեն մշակել ենք վերականգնողական ծրագրեր, և պատրաստ լինելուն պես պիլոտային անձնակազմը կսկսի դրանք իրականացնել»,- ասաց Հայկ Խեմչյանը՝ հավելելով, որ սեպտեմբերից նախատեսվում է առավել ակտիվ ու բազմավեկտոր աշխատանք իրականացնել պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ:
Այսօր այն դեռևս իրականացվում է Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի ծառայողների ուժերով, սակայն, առաջիկայում նախատեսվում է նոր ծառայությունը համալրել նաև նոր կադրերով:
«Մենք փորձում ենք պրոբացիոն ծառայության ներդրման համար նոր հիմքեր ստեղծել»,- այսօր կայացած սեմինար-քննարկման բացման իր ելույթում նշեց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի վրա աշխատող բոլոր շահագրգիռ կողմերին:
Ի թիվս այլ հարցերի, փոխնախարարը կարևորեց նորաստեղծ ծառայության աշխատակիցների ընտրությունը: Քանի որ Պրոբացիոն ծառայությանումը Հայաստանում ձևավորվել է Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման հիմքի վրա, առայժմ նոր ծառայությունը համալրված է միայն այդ մարմնի աշխատակիցներով: Սակայն արդեն իսկ նախատեսված է դրանում ընդգրկել իրավաբանական կրթություն ստացած երիտասարդ կամավորների, ովքեր հետագայում կմնան աշխատելու նորաստեղծ կառույցում:
Իր խոսքում անդրադառնալով անցած քննարկումների ընթացքում բարձացված խնդիրներին, այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկերին, ծառայության արդյունավետությանը և այլն, Սուրեն Քրմոյանը նշեց, որ արդարադատության նախարարությունը ևս մտահոգ է այդ հարցերով, ուստի լայն քննարկումներ է անցկացնում բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հետագայում հնարավոր ռիսկերից խուսափելու համար:
Իսկ ծրագրի համակարգող Հակ Խեմչյանը նշեց, որ ծառայության կայացման համար անհրաժեշտ է նաև անձնակազմը համալրել փորձառու սոցիալական աշխատողներով ու հոգեբաններով:
«Ներկայիս անձնակազմը համալրված է փորձառու իրավաբաններով, ովքեր մեծ փորձ ունեն իրավախախտների հետ աշխատելու, բայց որոշակի հմտությունների պակաս ունեն սոցիալ-հոգեբանական ոլորտում աշխատելու»,-ասաց նա:
Մյուս մտահոգությունն, ըստ ծրագրի համակարգողի, այն է, թե որքանով փորձառու իրավաբանները կցանկանան մնալ ոչ ռազմական ծառայությունում: Իսկ դրա համար պրոբացիոն ծառայությունը նախ պետք է գրավիչ դառնա:
Միջազգային մասնագետների դիտարկումները առավել մանրամասն ՝ տեսանյութում: