Հատուկ քննչականը սովորում է զարդերի կեղծման ձևերը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ամրապնդելով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությունը, շարունակում է վերապատրաստման, ուսուցողական դասընթացներ անցկացնել ծառայության քննչական կորպուսի ներկայացուցիչների համար:
Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, այսօր կազմակերպված դասընթացի շրջանակներում հիշյալ կենտրոնի նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ, քիմիական գիտությունների թեկնածու Արսեն Ազիզյանը ներկայացրել է զարդերի կեղծման հիմնական ձևերը, ճշգրտվել է փորձաքննությամբ լուծվող հարցերի շրջանակը, քննարկվել են մետաղագիտական փորձաքննության առանձնահատկությունները, կիրառվող հետազոտությունների տեսակներն ու մեթոդները և մի շարք այլ հարցեր:
Առանձին անդրադարձ է կատարվել ճանապարհատրանսպորտային պատահարների՝ վրաերթերի հանգամանքների քննության ընթացքում նշանակվող նյութագիտական ոլորտի մի շարք փորձաքննությունների մեթոդիկաներին և դրանցով պայմանավորված առանձնահատկություններին:
Մասնագիտական փորձը փոխանցելով՝ Արսեն Ազիզյանը քննչական կորպուսի ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել նաև պաշտոնատար անձանց կողմից դրամական կաշառք ստանալու փաստը հաստատելու վերաբերյալ նշանակվող փորձաքննություններին:
Այդ համատեքստում մանրամասն ներկայացվել են կաշառքի առարկա հանդիսացող թղթադրամների, հագուստի ու մարդու ձեռքերի վրա լյումինաֆոր տեսակի նյութի հետքերի հայտնաբերման ու դրա նույնացման նպատակով կատարվող փորձաքննությունների առանձնահատկությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ