Սահմանադրության նախագծով Օմբուդսմենն անձեռնմխելի է
Սահմանադրության նախագծի 11-րդ գլուխը ամբողջությամբ վերաբերում է Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, լիազորություններին: Ի դեպ, Հայաստանում առաջին անգամն է, որ ՄԻՊ ինստիտուտի մասին նշվում է Սահմանադրության մեջ: Մասնավորապես, Սահմանադրության նախագիծը նշում է, որ իր լիազորություններն իրականացնելիս Մարդու իրավունքների պաշտպանն անկախ է: Պետությունն ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը:
Նախագծի 191 հոդվածի 3-րդ մասով, Մարդու իրավունքների պաշտպանն օժտված է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիությամբ: Ազգային ժողովն օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին կարող է անձեռնմխելիությունից զրկել պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ:
192-րդ հոդվածի համաձայ, Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով վեց տարի ժամկետով ընտրում է Մարդու իրավունքների պաշտպան: Մարդու իրավունքների պաշտպանն անփոփոխելի է:
Իսկ 2-րդ կետը սահմանում է՝ Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող և պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր քաղաքացի, ով հասարակության մեջ բարձր հեղինակություն է վայելում:
Նաև նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ ցանկացած այլ ձևով զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Հրապարակային ելույթներում նա պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերի:
Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովն իր նախնական գնահատականում ողջունել էր, որ օմբուդսմենի ինստիտուտի գործունեության մասին նշվում է Սահմանադրության մեջ: Փորձագետներն առաջարկել էին սահմանադրորեն ամրապնդել նաև օմբուդսմենի անձեռնմխելիությունը: