Գողություն ոսկերչական սրահից
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ոսկերչական սրահից գողություն կատարած անձի ինքնությունը։
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ին. առերևույթ հանցագործություն կատարած անձինք Երևան քաղաքի ոսկերչական սրահներից մեկում հափշտակել են 12-13 գրամ քաշով ոսկյա թևնոց՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Նախաքննության ընթացքում ստացվել են ոսկերչական սրահի հարակից տարածքում տեղադրված տեսագրող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ արձանագրված է գողության դրվագը:
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու, և միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։