80-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 80-ամյա կնոջն սպանելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քաղաքացի Ա.Նազարյանը հաղորդում էր տվել, որ «Շիզոֆրենիա» հոգեկան հիվանդությամբ տառապող իր եղբայրը շուրջ մեկ ամիս թույլ չի տալիս մտնել իր հայրական տուն և տեսակցել 80-ամյա մորը:
Օգոստոսի 28-ին ոստիկանության աշխատակիցների օգնությամբ Ա.Նազարյանն այցելել էր հայրական ՝ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 154-րդ տուն, որտեղ տանը կից ավտոտնակի հորի միջից հայտնաբերվել է 80-ամյա Արաքսյա Անուշավանի Հարությունյանի դիակը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
Նշանակվել է դատահողագիտական և դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև՝ պարզելու առերևույթ հանցագործություն կարատարած անձի կամ անձանց ինքնությունը:
Դեպքի վերաբերյալ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 28-ին, ժամը 21-ին, 1963 թ. ծնված Անահիտ Նազարյանը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է տվել, որ մայրը` 1935 թ. ծնված Արաքսյա Հարությունյանը, բնակվում է իր եղբոր` 1962 թ. ծնված Հայկազ Նազարյանի հետ, և եղբայրը շուրջ մեկ ամիս է թույլ չի տալիս տեսակցել մորը: Աղջիկը օգոստոսի 28-ին կրկին գնացել է եղբոր տուն, սակայն վերջինս դուռը չի բացել: Քույրը ճարահատյալ զանգահարել է ոստիկանություն և ոստիկանների միջամտությամբ մտնելով տուն` մորը այնտեղ չի գտել, իսկ եղբայրը հայտնել է, որ շուրջ մեկ ամիս է նա հեռացել է տնից, և ինքը մոր գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 29-ին, ժամը 16-ին, Շահումյան փողոցի թիվ 154 տանը կից ավտոտնակի վերանորոգման փոսում, հողում թաղված վիճակում, հայտնաբերվել է Արաքսյա Հարությունյանի դիակը` բռնության հետքերով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Նախորդող հրապարակում՝
Հրազդանի ավտոտնակներից մեկում 80-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ