ՀԱԿ-ը չի փոխել դիրքորոշումը. Պարզաբանում է Զուրաբյանը
Հայ Ազգային կոնգրեսի դիրքորոշումը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ չի փոխվել: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Սահմանադրության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց էր հնչեցրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին, իսկ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ նկատել էր, որ ողջունելի է, որ ՀԱԿ-ը փոխել է դիրքորոշումը և մասնակցում է սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկումներին:
«Ոչ մի փոփոխություն չկա: Իրենք փորձում են մատուցել այդպես, որ իբր մենք եկել ենք բովանդակային քննարկման: Ես նորից Հովիկ Սահակյանին հատուկ բացատրում եմ և նաև Շարմազանովին, որովհետև նա էլ երազխաբությամբ է տարվում, որ շատ պարզ է, թե ինչ է նշանակում բովանդակային քննարկում: Բովանդակային քննարկում նշանակում է վիճել այս կամ այն դրույթի հետ, փորձել դրանք բարելավել: Մենք նման բան չենք անում, եթե անգամ անդրադառնում ենք այդ նախագծի դրույթներին, անում ենք մի նպատակով, որ ոչ թե մերկապարանոց լինեն մեր հայտարարությունները, որ իրենք փորձում են Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրություն իրականացնել, այլ ապացուցենք դա կոնկրետ դրույթներով: Դա իրենց ուզած բովանդակային քննարկման հետ որևէ առնչություն չունի: Մենք չենք զբաղվում Սահմանադրությունը բարելավելով, մենք եկել ենք այստեղ Սահմանադրությունը մերժելու նպատակով և ժողովրդին կոչ անելու՝ սկսել դիմադրության շարժում»,- հավելեց Զուրաբյանը` անհրաժեշտ համարելով պատրաստել ժողովրդին «լուրջ դիմադրության»: