Գերակա հանրային շահ ճանաչված բնակարանների տերերը արդար դատաքննության հույս չունեն
«Լոկալ Դեվելոփերս» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ պահանջելով Երևանի կենտրոնում գտնվող երեք շենքերի բնակիչներին հանել իրենց բնակարաններից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մեր քաղաքը քաղաքացիական նախաձեռնության անդամ, Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը, կասկած հայտնելով, որ դատարանն այդ գործով անաչառ որոշում կարող է կայացնել:
«Արդեն երեք դատական որոշումներ կան, որոնք բնակիչներին պարտավորեցնում են երկամսյա ժամկետում ազատել բնակարանն ու դրանք հանձնել «Լոկալ Դեվելոփերս» ընկերությանը: Հայցի հետ զուգահեռ եղել է միջնորդություն, որ արգելանք դրվի գույքի վրա, և փաստորեն արդեն մի քանի ամիս է՝ մենք իրավունք չունենք վաճառել մեր բնակարանները, դրա իրավունքը միայն պատկանում է «Լոկալ Դեվելոփերս» ընկերությանը»,-ասաց բնակիչը:
Նշենք, որ խոսքը Երևանի կենտրոնում հանրային գերակա շահ հայտարարված Տերյան 23-25, Լալայանց 37, Պուշկին 4 հասցեների շենքերի բնակարանների մասին է:
«Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ կենտրոնի համակարգողը հայտարարեց, որ քննարկմանը մասնակցելու համար հրավիրվել է նաև «Լոկալ Դեվելոփերս» ՍՊԸ ներկայացուցիչը: Սակայն մասնակցելուց հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ գործը դատարանում է, «խոսալու ժամանակն անցել է»:
Բնակիչ Վարդան Գերավետյանի խոսքով, իրեն պատկանող բնակարանը Փորձաքննության ազգային բյուրոն գնահատել է միայն 300 հազար ԱՄՆ դոլար, իսկ ընկերությունն իրեն առաջարկում է միայն 200 հազար ԱՄՆ դոլար տան ու հողատարածքի համար:
«Ընկերությունը ճիշտ է ասում, թող դատարանը որոշի, ինքը մաքուր է դուրս գալու, դատավորներն են մեղավոր լինելու»,-ասաց Վարդան Գերավետյանը, ավելացնելով, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանին ներկայացրել է «օրենքների դրույթներով հիմնավորված փաստարկներ», սակայն դրանք հաշվի չեն առնվել: Բացի այդ էլ մերժվել է իր միջնորդությունը՝ փաստաբան ունենալու առաջարկի հետ:
«Սա օրենքի կոպիտ խախտում է»,-ասաց նա, ավելացնելով, որ բնակիչները դիմել են ոստիկանություն՝ բնակարանների գնահատման հետ կապված, քանի որ ընկերությունը 2-ից 7.5 անգամ քիչ է գնահատել բնակարանների արժեքը:
«Ոստիկանությունը գործին ընթացք է տվել»,-ասաց նա:
Բնակիչներից Մելինե Նավասարդյանն էլ նշեց, որ 8 տարի ահավոր վիճակում են:
«Քաղաքի բոլոր վատ վիճակում գտնվող շենքերը ներկեցին: Հույս ունեինք, որ մերն էլ կանեն, բայց ոչինչ չեղավ: Քաղաքապետարանին դիմեցինք, մերժեցին: Բնակիչների ուժերով մի փոքր ներկեցինք: Ինչո՞ւ չներկեցին, որովհետև մեզ հանելու են այդտեղից»,-ասաց Մելինե Նավասարդյանը:
Նրա խոսքով, իրենց առաջարկում են ցածր առաստաղներով բնակարաններ. «2մ 72 սմ է բարձրությունը, մերը 3մ 30 սմ և ավելի բարձր են: Այդ շենքում երկկողմանի պատուհաններ չկան: Ես մտել եմ, նայել եմ, խայտառակ նորակառույց է, մեր բնակարաններից հետո ո՞նց գնանք այդտեղ»:
Բնակիչները դժգոհում են, որ ընկերության ղեկավարը օրերից մի օր չի եկել, իրենց հետ խնդիրը չի քննարկել:
«Ինչ էս գործընթացը սկսել է, մենք անընդհատ գումարներ ենք ծախսում, սեյսմակայունություն են որոշում, արժեքն են գնահատում, փաստաբանի համար ենք վճարում: Ո՞վ պետք է պատասխան տա մեր ֆիզիկական ու հոգեկան վիճակի համար»,-ասաց նա:
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը նշում է, որ բացառիկ հանրային կարիքի մեջ չե՞ն մտնում 6 տասնյակ քաղաքացիները: «Այսօր Կենտրոնը դարձել է աճուրդի տարածք, որտեղ չգիտեք ինչի, պետք է կառուցվեն հյուրանոցները: Հիմա եթե մարդկանց իրենց ունեցվածքի դիմաց տային լավ բնակարաններ, ո՞վ դրա մասին կխոսար: Ուրեմն, թող մարդկանց տան լավ բնակարաններ»,-ասաց ՀԿ նախագահը:
Խնդրի վերաբերյալ կարդացեք նաև՝
Գերակա հանրային շահի մութ ամպերը` դարձյալ Տերյան 23, 25 շենքերի գլխին. Հերթական օտարումն է սպառնում
Բնակիչները բողոքում են. «Գալու-կանգնելու ենք այստեղ մտնող մեքենաների առաջ ու թող մեքենան մեր վրայով անցնի»
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ