Հայկ Գևորգյան. «Ինձ համար կարևոր է, որ մեղավորները պատժվեն և իմ բարի համբավը վերականգնվի»

14:35 07/02/2012 » Իրավունք

Հայկ Գևորգյան. «Ինձ համար կարևոր է, որ մեղավորները պատժվեն և իմ բարի համբավը վերականգնվի»

«Ինձ կալանավորելու և այս միջադեպը սարքելու պատճառն իմ մասնագիտական գործունեությունն է», - այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը: «Չգիտեմ սա զգուշացում էր, ակնարկ, թե ինչ, սակայն այս ամենի մեջ տրամաբանություն չեմ գտել», - ասաց նա:

Հայկը բացառում է վրաերթը. «Ես տեսել եմ մի տղամարդ, որը բավականին հեռու էր կանգնած: Ես կարծեցի, որ նա կայանատեղի աշխատող է, և նույնիսկ պատրաստվում էի վճարել, բայց նա այդպես էլ չմոտեցավ …Ես համոզված եմ, որ եթե իմ մեքենան իսկապես կպած լիներ այդ անձնավորությանը, ապա ոստիկանությունն անպայման այդ կադրերը կցուցադրեր»,- ասաց լրագրողը, զարմանք հայտնելով, թե, այսպես ասած, վրաերթի ենթարկված Աշոտ Ֆրանգուլյանի հայտարարությունից, և թե բժշկի եզրակացությունից:

Ըստ Հայկ Գևորգյանի` ոստիկանության կողմից ներկայացված փաստերը շինծու են: Նա վստահեցրեց, որ հետամուտ է լինելու այս գործի բացահայտմանը` անկախ նրանից, թե որքան կտևի գործընթացը: «Ինձ համար կարևոր է, որ մեղավորները պատժվեն և իմ բարի համբավը վերականգնվի, քանի որ տեսականորեն բացառված է, որ ես մարդուն անօգնական թողնեմ ու գնամ»,- հայտարարեց բանախոսը:

«Ամենակարևորն այն է, որ դուք չհավատացիք, որ ես կարող եմ վրաերթի ենթարկել մարդուն և անօգնական թողնել»,- դիմելով լրագրողներին` ասաց Հ.Գևորգյանը, շնորհակալություն հայտնելով իր բոլոր գործընկերներին, ԶԼՄ ներկայացուցիչներին` իրեն հավատալու և աջակցելու համար:

Անդրադառնալով դատական գործընթացին, լրագրողն ասաց, որ Հայաստանի դատարանների հետ որևէ հույս չի կապում, «քանի որ ոստիկանությունն ու դատարանը սերտ կապերի մեջ են»: Նա նաև չբացառեց, որ ոստկանության նկատմամբ հակընդդեմ հայց կլինի:

Բանախոսը վստահություն հայտնեց, որ ոստիկանությունը ոչ միայն չի կարող ապացուցել, որ վթարն իրականում տեղի է ունեցել, այլ նաև բացատրել մի քանի տարօրինակ փաստեր: Ըստ լրագրողի` իր դեմ քրեական գործը հարուցվել է հունվարի 20-ին, բայց իրեն կանչել են հարցաքննության հունվարի 17-ին: Բացի այդ, ըստ օրենքի՝ ներկայանալու վերաբերյալ բնակության վայր թուղթ պետք է ուղարկեին 12 ժամվա ընթացքում, մինչդեռ ուղարկել են 24 ժամ հետո:

Հ.Գևորգյանը նաև հայտնեց, որ ոստիկանության բաժանմունքում մինչ օրս մնացել են նրա հեռախոսը, ձայնագրիչը, «Canon» լուսանկարչական ապարատը, ակնոցը, որոնցից տեղեկություն չունի:

Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարի 3-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժանմունք, այնուհետև ձերբակալվել:
Հայկ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի այն է` «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս և 244-րդ հոդվածի «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից» հատկանիշներով:
Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր փոխել Հայկ Գևորգյանի խափանման միջոցը. Լրագրողն ազատ էր արձակվել:

Նախորդիվ` «Ես օգտագործում եմ բացառապես հայկական հայհոյանքներ». Հայկի ճեպազրույցը ազատության մեջ

Փաշինյան. Հայկ Գևորգյանի նկատմամբ պատվիրված հետապնդում է իրականացվում

«Հայկական ժամանակի» խմբագրակազմը պահանջում է ազատ արձակել Հայկ Գևորգյանին

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց