«Հայ տղամարդիկ սկսել են կաթսայով խփել կնոջ գլխին, որ հետք չմնա». Մի կյանքի պատմություն

16:02 21/02/2012 » Իրավունք

«Հայ տղամարդիկ սկսել են կաթսայով խփել կնոջ գլխին, որ հետք չմնա». Մի կյանքի պատմություն

28-ամյա Կարինեն իր երեք երեխաների հետ թաքնված է ամուսնուց. Մարտունի քաղաքում ծնված-մեծացած և 14 տարեկանում ամուսնացած կինն այսօր հուսահատության շեմին է: «Փոքրուց դժբախտ եմ եղել, ընտանեկան ուրախություն չեմ տեսել: 4 տարեկան եմ եղել հայրս մահացել ա, 16 տարեկան եմ եղել մամաս ամուսնացել ա, մենք մնացել ենք տատիկիս մոտ, շուտ եմ ամուսնացել ծնողիս պակասի պատճառով: Ու կյանքս դժոխքի վերածվեց», -պատմում է կինը:

28 տարեկանում Կարինեն հասցրել է երկու ամուսնուց չորս երեխա ունենալ. առաջին ամուսնության ժամանակ ունեցած երեք աղջիկներից մեկը մահացել է: «Սովից, ցրտից մահացավ», -պատճառներն է նշում Կարինեն:

Առաջին ամուսնությունը հաշված երջանիկ պահերով հանդերձ դժբախտ ավարտ է ունեցել. «Իրա մաման մեզ բաժանեց: Իրանից տասը տարով մեծ մի կնոջ հետ ծանոթացրեց ու բաժանվեց ինձանից, ես չորս ամսական հղի էի, գնացի իրանց տնից: Շատ ճնշված էի ու էդ վիճակով էլ էրեխուն ունեցա», -պատմում է կինը:

Երկրորդ` 2005-ին Գեղամի հետ ամուսնությունը Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում «երջանիկ ու սիրով» է եղել ընդամենը մեկ տարի: «Հետո սկսեց ծեծել, շատ կոպիտ էր իմ հետ. օրերով շաբաթներով իմ տուն չէր գալիս, իսկ տուն գալուց էլ մի պատճառ բռնում էր, նեղում էր, հալածում էր, գցում էր պադվալ ու ոտերով հա խփում, բռնությամբ քնում հետս: Հղի ժամանակ էլ եմ շատ ծեծ կերել», - ասում է Կարինեն ու որպեսզի չշարունակի պատկերել դաժան տեսարանները կարճ բնութագրում իրենց հարաբերությունները` «շուն ու կատու էինք»:

Արդեն մեկ տարի է, ինչ իրարից հեռու են ապրում. Մարտունու քաղաքապետը, Կարինեի խոսքով, քաղաքի սանէպիդ ծառայության շենքից «մի փոքրիկ անկյուն» է հատկացրել, որտեղ մայրն իր երեխաների հետ կարողացել է ապաստանել: Սակայն այստեղ էլ նախկին ամուսինը Կարինեին հանգիստ չի տվել: «Անընդհատ գալիս էր, ինձ ճնշում, նեղում էր, անգամ բռնաբարել ա ինձ պահանջում ա տղուս, որ տանի իրա հետ Ռուսաստան: Ես էլ պաշտպաններ չունեմ, վախենում եմ օրենքին դիմեմ` բա որ սպանի ինձ», -մտահոգ է կինը: Նա ասում է, որ ինքը վստահ է` տղային տանում են Ռուսաստան, որ նախկին ամուսնու քույրը որդեգրի: «Մեծահարուստի հետ ա ամուսնացել, էրեխա չեն կարում ունենան, դրա համար ուզում են տղուս տանեն, որ որդեգրեն», -իր կասկածներն է հայտնում կինը:

«Կարինեն ունի հոգեբանական լուրջ խնդիրներ, իսկ երեխաների մոտ բռնությունների տեսարանների հետևանքով ներքին կոնֆլիկտ է հասունացել», -մարտունեցի կնոջ հոգեվիճակին ծանոթացել է Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մարինե Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, Կարինեի հետ կատարվածը դասական բռնության դեպք է, որը Հայաստանում, հատկապես մարզերում շատ հաճախ է հանդիպում: Կենտրոնում աշխատելու երկար տարիների փորձից հոգեբանը նշում է, որ եղել են դեպքեր, երբ ամուսինները գիտակցելով, որ կնոջ վրա հնարավոր է` ծեծից հետքեր մնան, սկսել են  ընտրել  այնպիսի տարբերակներ, որը հետքեր չթողնեն, օրինակ` կաթսայով են հարվածում  գլխին, ամուր քաշում են մազերից այնպես, որ «մազի խրցով փունջը» մնում է ձեռքի մեջ: «Օրինակ, վերջերս մի դեպք էր եղել, երբ Սևանա լճում փորձել էր խեղդել կնոջը», -թարմ դեպքերից մեկն է մատնանշում հոգեբանը:

Հայ կանայք շատ համբերատար են. տարբեր խնդիրներով կանանց հետ շփումից եզրակացրել է հոգեբանը: «Մինչև դանակը չի հասնում ոսկորին, չեն դիմում ծայրահեղ քայլերի, իսկ արդեն այդ ժամանակ ընտանիքը քայքայված է լինում ու փրկել չի հաջողվում: Բայց մենք ամեն ինչ անում ենք, որ ընտանիքը պահպանվի», -ասում է հոգեբանը:

Կարինեն ընտանիքը վերամիավորելու հույսեր չունի: Միակ ցանկությունը, որ արդեն նպատակ է դարձել, երեխաներին «ժանիքները սրած» նախկին ամուսնուց պաշտպանելն է ու դրա համար նա արդեն երկու շաբաթ է` թաքնվել է իր ծանոթներից մեկի տանը: «Եթե շատ խեղդի ինձ, կդիմեմ օրենքին», -ելքն է մատնանշում դեռատի կինը:

Հ. Գ. Բացի հոգեբանից, մյուս անձանց անունները, մեր հերոսուհու խնդրանքով, պայմանական են:

 

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց