Ահազանգ. «Ծիրանենիները վարակված են սնկային հիվանդությունով»

12:45 01/05/2012 » Հասարակություն

Ահազանգ. «Ծիրանենիները վարակված են սնկային հիվանդությունով»

«Ծիրանենիները վարակված են սնկային հիվանդությունով»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքերով՝ սնկային հիվանդությունները տարածված են Արմավիրի և Արարատի մարզերի գյուղերում:

Ըստ Հ. Բերբերյանի՝ արդեն երկու տարի է սնկային հիվանդությունները կան, սակայն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այս ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել: «Երեկ մոնիթորինգ ենք անցկացրել և արդեն փոքր պտղի վրա նկատվում է սնկի առկայությունը: Սա լուրջ վտանգ է և եթե հիվանդության դեմ միջոցներ չձեռնարկենք, ապա կունենանք բերքի կորուստ, որը նաև երկու տարի առաջ ունեցանք»,- ասաց նա:

Հ.Բերբերյանը նշեց, որ այդ հիվանդությունը տարածվում է քամու և ջրի միջոցով, և առաջին հերթին վարակում ծառի վերին ճյուղերի պտուղները: Մասնագետը այգեգործներին առաջարկում է ծառերը սրսկեն: Սակայն ընդգծեց, որ պայքարի սովորական մեթոդները` ծառի բունը կրով ներկելը արդյունք չեն տա, հարկավոր են հատուկ հակասնկային պրեպարատներ սրսկել: «Եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա ծիրանենիների զգալի մասը 2-3 տարի հետո կոչնչանա»,- ասաց նա:

Ի դեպ, մասնագետը հայտնեց, որ սնկային հիվանդությամբ սկսել են վարակվել նաև դեղձենինները:

«Եթե այսօրվանից բուժումները սկսենք, ապա ծիրանի բերքն այս տարի մոտ 5 տոննայով կգերազանցի նախորդ տարվա բերքին»,- ասաց Հ.Բերբերյանը: Նա նաև նշեց, որ հիվանդացած ծիրանենիները մարդու առողջության համար վտանգավոր չեն: «Լավ լվացեք, կերեք»,- խորհուրդ տվեց նա:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց