«Ծաղիկ նվիրող Կարա-Բալա»-ի Աբովյան փողոցում «հայտնվելը»` այնքան էլ երևանցիների սրտով չէ (լուսանկարներ)

16:18 14/06/2012 » Հասարակություն

«Ծաղիկ նվիրող Կարա-Բալա»-ի Աբովյան փողոցում «հայտնվելը»` այնքան էլ երևանցիների սրտով չէ (լուսանկարներ)

Երկար տարիներ երևանյան փողոցներում «դեգերելուց» հետո ի վերջո նախօրեին Կարա-Բալայի արձանը կրկին «հանգրվանեց» Աբովյան փողոցում, ինչպես և սկզբում էր, թեև նախնական տեղից մի քիչ վերև, քանի որ այնտեղ այժմ սրճարան է:

«Գոհ եմ, որ Հյուսիսային պողոտայի «Մոսկվիչկա» հանրախանութի մոտից բերվեց Աբովյան փողոց` այնտեղ, որտեղ եղել է տարիներ շարունակ: Ուրախ եմ, որ հատուկ պատվանդանի վրա է տեղադրվել: Շատ ճիշտ քայլ էր»,- պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե քանդակի տեղադրման վայրը ճի՞շտ է ընտրված, ասաց արձանի հեղինակ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:

Սակայն ոչ բոլոր երևանցիներին է «դուրս գալիս», թե որտեղ է կանգնեցվել արձանը` «Հագուստի աշխարհի»-ի մուտքի մոտ, իսկ երկու կողքերում «տղաների ու աղջիկների կիսամերկ մանեկեններ»:

«Իհարկե, լավ է, որ կրկին մեր սիրելի արձանը բերվել է Աբովյան փողոց: Բայց սա սխալ տեղ է: Նախկինում մի քիչ ներքև էր տեղադրված ու շրջակա միջավայրի հետ շատ լավ էր ընկալվում: Իսկ այժմ նայում ես, բայց չես ընկալում, գեղագիտական հաճույք չես ստանում, ինչպես նախկինում»,- ասաց երևանցի Նունեն:

Իսկ Գայանեն էլ շարունակեց. «Ժպտերես ու բարի հայացքով պապիկը էս անդեմ մանեկենների կողքին սխալ էր կանգնեցնելը: Սա արվեստի գործ է, իսկ այսպես կորցրել է իր արժեքը»:

Շատերը, իհարկե, գոհունակություն հայտնեցին, որ ի վերջո ծաղկավաճառ Կարա-Բալան վերադարձել է նախկին «տուն»` հույս հայտնելով, որ այլևս «այս ու այն կողմ չի ընկնի» ու շտապում էին լուսանկարվել նրա հետ, սակայն ակնհայտ էր, որ նրանք չէին ուզում, որ կողքի մանեկենները ևս հայտնվեին իրենց նկարում: «Ոչինչ նկարի, ֆոտոշոփ կանենք»,- ասաց նկարվող աղջիկներից մեկը:

Բայց և այնպես, վերականգնեց Կարա-Բալայի` Երևանի կենտրոնական փողոցում ծաղիկ վաճառելու «իրավունքը», որի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանին էին դիմել մի շարք մտավորականներ:

Նշենք, որ «Ծաղիկ նվիրող Կարա-Բալա» բրոնզե քանդակը Երևանում տեղադրվել է 1996 թվականին:

Լուսանկարները` ԼԻԼԻԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ

 

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց