Չորս խմբակցություններ պահանջում են «Հարսնաքար»-ի գործով խորհրդարանական լսումներ անցկացնել

11:18 04/07/2012 » Հասարակություն

Չորս խմբակցություններ պահանջում են «Հարսնաքար»-ի գործով խորհրդարանական լսումներ անցկացնել

ԱԺ չորս խմբակցություններ` ՀԱԿ, Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան» «Ժառանգությունը» միասին դիմել են ԱԺ ղեկավարությանը կազմակերպել խորհրդարանական լսումներ, որտեղ «Հարսանքար»-ի գործով իրավապահ մարմինների ներկայացուցիչները կպատասխանեն պատգամավորների հարցերին, կուսումնասիրեն գործը ամենայն մանրամասնության:

Այս մասին ֆեյսբուքյան «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի բոլոր մեղարվորներին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա տեղեկացրեց, որ երեկ մյուս խմբակցությունների հետ բանակցություններ են սկսել, որպեսզի հրավիրվի խորհրդարանի արտահերթ նիստ, սակայն բանակցությունների ընթացքում պարզ է դարձել, որ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է մնադատից հրաժարվելու իր որոշման մասին:

Զուրաբյանն ասաց, որ այդ նախաձեռնությունն առայժմ չեն իրականացնի, քանի որ դրա համար անհրաժեշտ է 44 պատգամվորի ստորագրություն: Սակայն իր ելույթում նախաձեռնության անդամ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, որ ակցիայի մասնակիցների հաջորդ պահանջը լինելու է այն, որ հիշյալ չորս խմբակցուոյթունները, որոնց ներկայացուցիչները ԱԺ-ում 44-ից ավելի են, համաձայնություն տան արտահերթ նիստ հրավիրելու պահանջին:
ՀԱԿ-ից ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց, որ պետք է օլիգարխիան կործանվի Հայաստանում: «Սա մի շարժում է, որը պետք է ավարտվի Հայաստանի քաղաքացու հաղթանակով»,-ասաց նա:

Ինչպես հայտնում է Panorama.am-ի թղթակիցը Դեմիրճյան փողոցում մի փոքրիկ անհամաձայնություն է ծագել ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև, հրմշտոց է սկսվել, սակայն ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանի ու մյուսների միջնորդությամբ խնդիրը հարթվել է:

Ակցիայի մասնակիցներն այս պահին ԱԺ-ից շարժվում են դեպի գլխավոր դատախազության շենք, պահանջելու, որպեսզի գործը քննվի հատուկ քննչական ծառայությունում:

Ըստ նախաքննական մարմնի, մի խումբ ընկերներ, նրանցից մեկի ծննդյան տոնը նշելու համար, հունիսի 17-ի երեկոյան այցելում են Երևանի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր: Մարզահագուստով լինելու պատճառով վեճ է ծագում նրանցից մեկի և համալիրի մատուցողի միջև:
Վիճողները դուրս են գալիս բակ, որտեղ մոտենում են նաև այցելուի ընկերներն ու ռեստորանային համալիրի աշխատողները: Նրանց ներկայությամբ մատուցողը բռունցքով հարվածում է այցելուին: Սրանից րոպեներ անց անվտանգության աշխատողներն ու այլոք ծեծի են ենթարկում այցելուներին: Տուժածներին ընկերները տեղափոխում են ՊՆ Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ:
Տուժածների թվում էր նաև ՊՆ բուժծառայության մայոր, Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի ղեկավար Վահե Ավետյանը, որը վերակենդանացման բաժանմունքում 13 օր ծայրահեղ ծանր վիճակում էր և մահացավ հունիսի 29-ին ժամը 18:30-ի սահմաններում:
Կալանավորված է վեց մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը: Նրանք հյուրանոցի աշխատակիցներ են:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց