SOS. Ձորագետը աղտոտվում է

09:13 06/08/2012 » Անցուդարձ

SOS. Ձորագետը աղտոտվում է

Ձորագետի աղտոտման մասին կիրակի, օգոստոսի 5-ին Ստեփանավանի Օրհուս կենտոնի համակարգող Մանիա Մելիքջանյանը SOS էր հնչեցրել՝ սոցիալական ցանցերով և բնապահպանության նախարարության թեժ գծին զանգահարելով:

«Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքը, անտեսելով բնապահպանական նորմաները, շարունակում է հանքի մեծածավալ թափոնները լցնել անդրսահմանային Ձորագետ գետը, սարսափ և զայրութ առաջացնելուվ տեղի հանրության և հովեկների մոտ: Ահազանգել ենք տեղական իշխանության ներկայացուցիչներին, պատասխանել են, թե անզօր են այդ երևույթները կանխելու, իսկ հանքարդյունաբերողները մեզ պատասխանում են, որ իրենց կատարածը նորմալ աշխատանքային երևույթ է:Սույն լուրջ խնդրին լուծում տալու դիմել ենք բնապահպանության նախարարության թեժ գիծ՝ պարոն Պեպանյանին: Սպասում ենք...................Խնդրում ենք բոլոր պատկան մարմիններին և շահագրգիր օղակներին օգնել կանխելու սույն անօրինականությունը հանուն մեր և հետագա սերունդների», -ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Այդ կապակցությամբ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես, ասվում է. «Արմանիսին հարակից տարածքում «Սագամար» ՓԲ ընկերությանը պատկանող ոսկու հանքավայրի շահագործումն սկսելուց ի վեր պարբերաբար աղտոտվում է հանքավայրին հարակից Ձորագետը: Այս խնդրի առնչությամբ դեռևս 2012 թվականի փետրվար ամսին Ստեփանավանի քաղաքապետարանին կից ստեղծվել էր մոնիթորինգային խումբ, որը պետք է ուսումնասիրություն իրականացներ և պարզեր գետի աղտոտման պատճառները: Այդ խմբի աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ մինչ օրս որևէ տեղեկատվություն չի հրապարակվել:

Վերոհիշատակյալ “Սագամար” ընկերությունը իր ստացած` հանքավայրի շահագործման լիցենզային պայմանագրի համաձայն իբր պետք է աշխատի գերժամանակակից` փակ ջրաշրջանառության եղանակով, առանց շրջակա միջավայր թափոններ արտանետելու: Հիշեցնենք, որ այդ նույն` գերժամանակակից լուծումներով է խոստանում աշխատել նաև Ամուլսարի շահագործման համար տվայտվող ընկերությունը:

Օրեր առաջ հերթական անգամ գետն աղտոտվել է անհասկլանալի բաղադրություն ունեցող մեծածավալ կեղտաջրերով, որի համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել, իսկ բնապահպանական տեսչությունը մինչ օրս որևէ գործողություն չի կատարել: Հաշվի առնելով հայաստանյան այն իրականությունը, որ բնապահպանական տեսչությունը բացարձակ անգործության է մատնված, Հայաստանում չեն պահպանվում հանքարդյունահանող ընկերությունների լիցենզային պայմանագրերով սահմանված բնապահպանական նորմերն ու անվտանգության պայմանները:

Մենք հետամուտ ենք լինելու Ձորագետի աղտոտման պատճառները պարզելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Կոչ ենք անում Ստեփանավան քաղաքի և հարակից համայնքների երիտասարդներին համախմբվել Ստեփանավանի և Լոռվա մարզի բնության պահպանության նպատակով: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել տեղի բնակիչներին հանքարդյունաբերական չարիքի դեմ պայքարելու գործում և ակնկալում ենք ձեր գործուն մասնակցությունը Ստեփանավանը, Թեղուտը, Ջերմուկը և մեր երկրի մյուս հատվածները կեղեքիչ շահագործումից պաշտպանելու համար»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց