Աչքերն էին ցույց տալիս հեռուստատեսությամբ ու 5 միլիոն ռուբլի գլխագին սահմանում...Բերդաձորի Անդրանիկը լեգենդ էր

10:15 28/08/2012 » Հասարակություն

Աչքերն էին ցույց տալիս հեռուստատեսությամբ ու 5 միլիոն ռուբլի գլխագին սահմանում...Բերդաձորի Անդրանիկը լեգենդ էր



Այսօր լրանում է Արցախյան ազատամարտի հերոս Անդրանիկ Հարությունյանի մահվան 20-րդ տարելիցը: Արցախյան ազատամարտի հերոսի լուսավոր հիշատակն այսօր կխնկարկվի Եռաբլուր պանթեոնում: Այս տարի նրա հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Կորուսյալ հայրենիքի վերադարձի գաղափարով ու վճռականությամբ դաստիարակված Անդրանիկ Հարությունյանը իր կարճ, բայց և բովանդակ կյանքում, ապացուցեց, որ հայրենիքի համար պետք է պայքարել: Արցախյան ազատամարտի նվիրյալներից էր Անդրանիկ Հարությունյանը: Մեծ է Անդրանիկի դերը Բերդաձորի պաշտպանության գործում, և դա գնահատվեց հենց իր կենդանության օրոք: Նա, իր իսկ ներկայությամբ, գործունեությամբ ու նախաձեռնությամբ պատմություն կերտեց` ապրելով ընդամենը 36 տարի:

Գրող, քաղաքական գործիչ Ա. Հարությունյանը իր ելույթներում ասում էր. «Մի ազգ, որն իր գոյության իրավունքը փնտրում է օտար ճամփաներում, իրավունք չունի ոչ ազատության, ոչ երջանկության և' ոչ էլ գոյության: Այսօր մեք՝ հայերս դուրս ենք եկել ազգային-ազատագրական պայքարի, բայց լիովին չենք ընդունել այս ճշմարտության իմաստը, չենք վերափոխել մեր մեջ մենակության սարսափը և շարունակում ենք մեր պայքարի տաճարը կառուցել՝ որպես հիմնասյուներ օգտագործելով այլոց կարծիքները: Քանի դեռ այս մտայնությունն է իշխողը, հայ ժողովուրդը չի կարող հույս ունենալ որևէ հարցի վերջնական լուծմանը: Այո', հայ ժողովուրդն ունի հողային պահանջ և չի հրաժարվի իր պահանջատիրությունից: Բայց առայժմ մենք զուգահեռաբար այլ հարցեր պետք է լուծենք. նախ բարոյահոգեբանական, ապա՝ գաղափարական: Նախ պետք է հասնենք այն բանին, որ հայ ժողովուրդը հաղթահարի իր մեջ մենակության սարսափը, գիտակցի, որ ուժեղն ավելի հզոր է, երբ մնում է մենակ, հասկանա, որ մենակ մնալու գիտակցութունն է ազգին տանում ուժերի գերագույն լարման և կենտրոնացման...»:
Նա դարձավ Ղարաբաղի առաջին խորհրդի, ապա Արցախի Ազգային խորհրդի անդամ, ԼՂԻՄ-ի պատգամավոր: Նրա անունը ահ ու սարսափի մեջ էր պահում թուրքերին և դա էր պատճառը, որ նրանք Անդրանիկին վերացնելու համար կրքեր էին բորբոքում, աչքերն էին ցույց տալիս հեռուստատեսությամբ ու 5 միլիոն ռուբլի գլխագին սահմանում, գրում, որ նրա աչքերը թուրքի արյան ծարավ են:

Ա.Հարությունյանը 1989թ.-ին «Հայ Դատ» կազմակերպության հանձնարարությամբ մեկնել է շրջափակման ծանր պայմաններում հայտնված Բերդաձոր և ղեկավարել շրջանի ինքնապաշտպանությունը: Նա հիմնել է Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդը (ԲԻԽ), որը լայն գործունեություն է ծավալել շրջանի հայկական գյուղերում: Ի դեպ, հենց այդտեղից էլ նրան կոչեցին Բերդաձորի Անդրանիկ:

1991թ.-ին ազերիների հայաթափման ծրագրում՝ Գետաշենից հետո, Բերդաձորն էր, որի ժամանակ Անդրանիկի 5 զինվորները գերվեցին և Բաքվի Բայլովյան բանտում դատապարտվեցին գնդակահարության: ԱՄՆ-ում ՄԱԿ-ի շենքի մոտ ցույց կազմակերպվեց, և Անդրանիկի հանդիպումը Ջորջ Բուշի հետ տվեց ցանկալի արդյունք՝ գնդակահարությունն հետաձգվեց և «Կարմիր խաչ»-ին հանձնարարվեց այցելել Բաքվի բանտ, իսկ Ադրբեջանի նախագահ Մամեդովին՝ կանխել գնդակահարությունը: Անդրանիկը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ նշանավոր մարդկանց հետ, եղավ Վարազ Սամվելյանի արվեստանոցում, և Վարազի հետ այցելեց Անդրանիկ զորավարի հուշարձանին, եղավ Դրոյի տանը, գերեզմանոցում, ուր Դրոյի կինը` տիկին Գայանեն նվիրեց Դրոյի գիրքը և ձայներիզը, ուր Սիմոն Վրացյանը, Դրոն և մեկը (որ չգիտեր և տիկին Գայանեն) պատմում էին Բաշ-Ապարանի կռիվների մասին: Եվ առաջին անգամ Դրոյի ձայնը 1992թ. հնչեց հայկական հեռուստաէկրաններից: Անդրանիկ Հարությունյանը երկու Ամերիկաների բոլոր նահանգներում, փոքր ու մեծ քաղաքներում ունեցավ ելույթներ, և դրամահավաքի աշխատանքը՝ ի օգնություն Արցախի բավականին մեծ հաջողությամբ պսակվեց: Բոլոր թերթերն արձագանքեցին: Իսկ հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը գրեց. «Ամբողջ Ամերիկան առ այսօր սիրահարված և հիացած է Անդրանիկով»:

1992թ-ին ԱՄՆ-ում մարդու իրավուքների պաշտպան Անդրեյ Սախարովի կինը՝ Ելենա Բոններ, Ա.Հարությունյանին հանձնեց Սախարովի հուշամեդալ:
Այսօր Բերդաձորի դպրոցներից մեկը կոչվում է Ա.Հարությունյանի անունով: Դեռ կենդանության օրոք, 1991թ. Արտակ Արզումանյանը նկարահանեց «Վանի ճանապարհը՝ Բերդաձոր», «Ճանապարհը բաց է» (2 մասից) և «Հունիս` 1991թ.» ֆիլմերը: Բերդաձորի թեժ կռիվների ժամանակ Ա.Հարությունյանի մասին պատրաստվեցին մի շարք ռեպորտաժներ: Նրա կնոջ՝ Աստղիկ Հարությունյանի նախաձեռնությամբ, մի քանի տարի առաջ հրատարակվեց «Բերդաձորի Անդրանիկ» ժողովածուն: Գրքում ընդգրկված են Ա.Հարությունյանի բանաստեղծությունները, հուշագրություններն ու պատմվածքները, ինչպես նաև նրա մասին հայաստանյան և Սփյուռքի մամուլում հրապարակված հոդվածները:
Ա.Հարությունյանը Արտակ Արզումանյանի հետ միասին զոհվեցին 1992թ.-ին` ավտովթարից:
Բերդաձորի Անդրանիկը լեգենդ էր, բայց այսօր նա և իր նման հերոսները մնացել են ստվերում: Ժամանակն է նորից հնչեցնել նրա և նրան նման հայորդիների անունները:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց