Եռյակային անորոշությունը
Արդեն իսկ հստակ է, որ եռյակն այս շաբաթ հանրահավաք չի անցկացնի, քանի որ հոկտեմբերի 31-ն արդեն վաղն է, բայց ԱԺ ոչ իշխանական երեք ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չեն շտապում հանդիպել: Ավելին` ուժերը նույնիսկ համաձայնության չեն գալիս եռյակի նիստի անցկացման մասով և շրջանառվող լուրերի համաձայն` այս շաբաթ չեն էլ հանդիպի:
Հիշեցնենք, Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ՀԱԿ-ի իրազեկումը՝ հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 7-ին և նոյեմբերի 14-ին ժամը 16.00-23.00-ն Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ:
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը Panorama.am-ին ասաց, որ դա դեռ ոչինչ չի պարտադրում և դա ընդամենը մարտավարական մոտեցում է: Եռյակի կայանալիք նիստի վերաբերյալ էլ նշեց, որ այս պահի դրությամբ ոչ օր, ոչ էլ ժամ հայտնի չէ:
Այս ձգձգումը բազմաթիվ հարցեր է ծնում, որից գլխավորն այն է, թե ի՞նչ խնդիր էր լուծում եռյակը մինչ այս անցկացրած երկու հանրահավաքներով ու ի՞նչ է պատրաստվում լուծել հետագայում: Գուցե այս time out-ը վերցրել են, որպեսզի վերջապես համաձայնության գան միասնական օրակարգի շուրջ, որը ևս հարցականներով է պատված, քանի որ գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» տարբեր ուղղությամբ են նայում:
Հաջորդ հարցն այն է, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում մնալ այս ձևաչափում: «Ժառանգության» ներսում այս հարցի շուրջ հստակ դիրքորոշւմ կա. նա չէր կարող չլինել եռյակում, քանի որ իրեն անմիջապես կհիշեցնեին, որ ժամանակին հենց ինքն էր հանդես գալիս միասնական հրապարակ ձևավորելու անհրաժեշտության գաղափարով: Ասել է թե` հիմա, երբ այդ միասնական հրապարակը կա, ի՞նչն է նրան խոչընդոտում լինել դրանում և արդյոք անկեղծ է լինել դրանից դուրս: Բայց մնացած բոլոր հարցերում տարաձայնություններն այնքան խորն ու ակնհայտ են, որ հիմա էլ այդ ձևաչափում Ր.Հովհաննիսյանի մնալն է հարցեր առաջացնում:
Հասկանալի է, որ Ր. Հովհաննիսյանի մնալը եռյակում շաբաթների կամ գուցե ամիսների հարց է և ըստ որոշ տեղեկությունների` վերջինս մարտավարական ճիշտ ուղիներ է որոնում եռյակից հեռանալու, բայց քաղաքականության մեջ մնալու մասով: Իսկ այդ իմաստով լավագույն տարբերակը «զոհի» դերակատարում որդեգրելն է. նա ուշանում է հանրահավաքից, բայց իր գործընկեր առաջնորդները նրան չեն սպասում, նա ելույթը կիսատ է թողնում, բայց մյուս երկուսից աջակցություն չի ստանում, առաջարկներով հանդես է գալիս, բայց կրկին մնում միայնակ ու մի բան էլ քարկոծվում, երբ հանդգնում է պնդել, որ ԵՏՄ-ի անդամակցությունը Հայաստանի համար չարիք է: Իրական կյանքում նման դեպքերում մարդը հեռանում է «սխալ ընկերներից», բայց արդյո՞ք դա քաղաքականության մեջ էլ ճիշտ որոշում է:
Ամեն դեպքում կրկնենք` Ր. Հովհաննիսյանի հեռանալը ձևաչափից ժամանակի խնդիր է, քանի որ իր ծրագրերի մեջ հաստատ չի մտնում ակտիվ-աջակից մասնակցություն ունենալ Գագիկ Ծառուկյանի նախընտրական նկրտումներում: