Ակնհայտ տեղեկատվական արշավ`Թուրքիայի վրա. System Of A Down-ի մոսկովյան համերգի մասին
Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է աշխարհահռչակ System Of A Down խմբի «Wake Up The Souls» (Արթնացրեք հոգիները) համերգային շրջագայությանը և, մասնավորպես` Մոսկվայում ունեցած համերգին:
Պարբերականը նշում է, որ համերգային շրջագայությունը, որն անցել է Եվրոպայի ընդամենը 7 քաղաքաներում, նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հրապարակման մեջ նշվում է, որ խմբի անդամները հայեր են, nu metal ոճում իրենց հավասարը չունեն և առանձնահատուկ շեշտադրում է կատարվում նրանց ստեղծագործություններին և աշխատանքի ոճին:
«SOAD-ը ստեղծագործության և ոճի արքան է: Երաժշտական լուծումների, զանզան, երբեմն` միմյանց հակասող ոճերի համադրումը միմյանց հետ նրանց ժամանակակից բեմում չափազանց յուրօրինակ է դարձնում», - գրում է պարբերականը:
Հրապարակման մեջ նշվում է, որ SOAD-ի տղաները վերջին անգամ նոր երգ թողարկել է 10 տարի առաջ, սակայն ունկնդիրների մտքով էլ անգամ չի անցնում նրանցից նոր բան պահանջել, քանի որ նույնիսկ այդ հին գործերը մշտապես նորովի են ներկայացվում:
Այնուհետև պարբերականը մանրամասն վերլուծության է ենթարկում System Of A Down-ի երգացանկը, ներկայացնում է դրա առանձնահատուկ լուծումներն ու մշտապես գրավող ռիթմերը:
Հրապարակման մեջ ներկայացվում է նաև խմբի անդամների դերակատարությունը, նրանցից յուրաքանչյուրի եզակի ոճն ու գործառույթը խմբի մեջ:
Պարբերականը խոստովանում է, որ իր թղթակիցը, որը ներկա է եղել Մոսկվայում տեղի ունեցած համերգին, չի տեսել մեկ այլ համերգ-ներկայացում, որտեղ քաղաքական ասպեկտն այդքան համահունչ կերպով միաձուլված լիներ ռոք-շոուին: Համերգը բաժանված է եղել երեք հատվածի և յուրաքանչյուր հատվածում եղել են ռուսերեն տողատակեր, որոնք նվիրված են եղել Հայոց ցեղասպանության հարյուրամյակին:
«Եթե առաջին հոլովակը տեղեկատվական բնույթ էր կրում, ապա մնացածները ակնհայտ տեղեկատվական արշավ էին իրականացնում Թուրքիայի վրա, որի համար փաստի վերջնական խոստովանությունը դեռևս վիճելի է», - գրում է պարբերականը:
Հրապարակման մեջ նշվում է, որ SOAD-ի համերգից հետո Մոսկվայում համերգ է տալու Շառլ Ազնավուրը, իսկ ապրիլի 24-ին առաջին անգամ նշվելու է Հայոց ցեղասպանությանզոհերի հիշատակը: «Այս փոքրիկ երկրի մասին, որը ոչ բոլորը կարող են ցույց տալ քարտեզի վրա, հանկարծ մի պահ կխոսի ողջ աշխարհը: Շատ դեպքերում` ի շնորհիվ երաժիշտների», - գրում է պարբերականը: