Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն ազատ է արձակվել
Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) երեկ ուշ երեկոյան ազատ է արձակվել: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հ. Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը:
Նա նշեց, որ Հ. Հակոբյանն առողջական խնդիրներ ուներ, այդ իսկ պատճառով խնդրանքով դիմել էին նախաքննության մարմնին՝ խափանման միջոց կալանավորումը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ: Կ. Սարդարյանն ասաց, որ Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը լավ չէ, նա պետք է անմիջապես վիրահատվի:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը և Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին, կալանավորորելու մասին որոշում կայացրել: Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ Այսինքն, նա մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ, որի արդյունքում անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը հասցվել է խոշոր չափի վնաս, ինչպես նաև չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց: