Նամականիշեր` նվիրված օլիմպիական չեմպիոններին
«Հայփոստի» թիվ 0010 փոստային բաժանմունքում այսօր տեղի ունեցավ մարզական թեմաներով նամականիշերի մարման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀԱՕԿ-ի փոխնախագահներ Ռազմիկ Ստեփանյանը, Դերենիկ Գաբրիելյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության գործադիր տնօրեն Խուան Պաբլո Գերիջյանը, ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Շրջանառության մեջ դրվեց մարզական թեմայով երկու նամականիշ և երկու գեղաթերթիկ` երեքական նամականիշով: Դրանք նվիրված են 2010 թ.միջազգային կարևորագույն մարզական իրադարձություներին` Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերին, Հարավային Աֆրիկայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և Սինգապուրի օլիմպիական պատանեկան առաջին խաղերին, ինչպես նաև հայաստանցի երեք օլիմպիական չեմպիոններ Վլադիմիր Ենգիբարյանին, Ֆաինա Մելնիկին և Յուրի Վարդանյանին:
Ելույթ ունեցողներն իրենց խոսքում կարևորեցին նոր մարզական նամականիշերի թողարկման փաստը և հույս հայտնեցին, որ գործընթացը շարունակական բնույթ կկրի, մանավանդ որ Հայաստանում շատ են սիրում, հետաքրքրվում սպորտով ու մեր անվանի մարզիկներով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը: