Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Ջուղայի գերեզմանոցի խաչքարերը
Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան (AAAS), կիրառելով աշխարհատարածքային տեխնոլոգիաներն (Geospatial Technologies), ուսումնասիրել է Նախիջևանում գտնվող Ջուղայի հայկական միջնադարյան գերեզմանոցի արբանյակից արված լուսանկարները:
Ասոցիացիայի աշխատակից Սյուզան Վոլֆինբերգերը նշում է. «Արբանյակի միջոցով 2003թ.-ին Ջուղայի գերեզմանոցում արված լուսանկարների և 2009թ-ի մայիսին արված լուսանկարների հետազոտությունը ցույց է տալիս, որ դեռ 2003թ-ին Ջուղայի գերեզմանոցում 15-16-րդ դարերի հնության հարյուրավոր խաչքարեր կային, իսկ 2009թ-ի լուսանկարներում դրանց մի մասն անհետացել է:
Աշխարհատարածքային տեխնոլոգիաների կիրառման միջոցով արված ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ խաչքարերը տեղափոխվել են հողը փորող հատուկ սարքերի միջոցով, իսկ հետո հողի այդ հատվածները պարզապես հավասարեցվել են»:
Հիշեցնենք, որ Ջուղայի գերեզմանոցի խաչքարերի ոչնչացման վերջին դեպքն արձանագրվել է 2005-2006թթ.-ներին: Խաչքարերը ջարդել են ծանր շինարարական տեխնիկայի միջոցով, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածվել է հրաձգադաշտի: Այս կապակցությամբ Եվրախորհրդարանը ցանկացել է ներկայացուցչություն ուղարկել` ուսումնասիրելու Ջուղայի գերեզմանոցում կատարված բարբարոսությունները, սակայն Ադրբեջանի իշխանությունները կտրականապես մերժել են այս նախաձեռնությունը:
2003-2006թթ. հրապարակված իր զեկույցներում Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (ICOMOS) նույնպես անդրադարձել է Ջուղայի գերեզմանոցի խաչքարերի ոչնչացման հիմնախնդրին:
http://www.aaas.org/news/releases/2010/1208azerbaijan.shtml?sa_campaign=Internal_Ads/AAAS/AAAS_News/2010-12-08/jump_page