Նախագահը մասնակցել է ՀԱՊԿ նստաշրջանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Ինչպես հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, մոսկովյան նստաշրջանին, ՀՀ նախագահից բացի, մասնակցել են նաև ՀԱՊԿ անդամ մյուս երկրների նախագահները. Դմիտրի Մեդվեդև (Ռուսաստան), Նուրսուլթան Նազարբաև (Ղազախստան), Իսլամ Քարիմով (Ուզբեկստան), Էմոմալի Ռահմոն (Տաջիկստան), Ալեքսանդր Լուկաշենկո (Բելառուս) և Ալմազբեկ Աթամբաև (Ղրղզստան): Ի դեպ, Ղրղզստանի նորընտիր նախագահն առաջին անգամ է մասնակցել ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին: Նստաշրջանին մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նստաշրջանի օրակարգը խիստ հագեցած է եղել. քննարկվել են շուրջ երեք տասնյակ հարցեր՝ կապված հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման, կազմակերպության ներուժի մեծացման, ռազմական ու ռազմա-տնտեսական համագործակցության օպտիմալացման, ճգնաժամային իրավիճակներին արձագանքման, տեղեկատվական անվտանգության, թմրանյութերի ապօրինի շրջանառության ու ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների հետ:
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները նիստի ընթացքում նաև հայտարարություն են ընդունել՝ նվիրված Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20 և ՀԱՊԿ հիմնադրման 10-ամյակին:
Նստաշրջանի ժամանակ ընդունվել են նաև կազմակերպչական ու վարչական հարցերի վերաբերյալ որոշումներ: Մասնավորապես, որոշում է կայացվել ՀԱՊԿ նախագահության վերաբերյալ. այն Բելառուսից փոխանցվել է Ղազախստանին:
Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին մայիսի 15-ին՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի կողմից: Հետագայում պայմանագրին միացել են նաև Ադրբեջանը, Վրաստանն ու Բելառուսը: 1999-ի ապրիլին ստորագրված արձանագրությամբ նշված երկրներից 6-ը (բացի Ադրբեջանից, Վրաստանից ու Ուզբեկստանից) երկարացրել են ՀԱՊ գործողության ժամկետը, իսկ 2002թ. մայիսի 14-ին նշված երկրները հիմնում են ՀԱՊ կազմակերպությունը, որին հետագայում միանում է նաև Ուզբեկստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում