Վլադիմիր Ղալումյանը պարգևատրվել է ՀՀ ԳՆ ոսկե մեդալով
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի և ծննդյան 80 - ամյակի առթիվ Վլադիմիր Բագրատի Ղալումյանին պարգևատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով: Ինչպես հայտնում են ՀՀ Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, Սերգո Կարապետյանն այսօր հյուրընկալվել է Վ. Ղալումյանին և բավականին ջերմ մթնոլորտում, հոբելյարի հարազատների և ընկերների ներկայությամբ հանձնել մեդալը, այնուհետև ծանոթացել անվանի տանտիրոջ հարուստ գրադարանին:
«Մարդ, որ անձնական օրինակով սովորեցնում է ճիշտ ապրել». այսպես են ընկերներն ու մտերիմները բնորոշում Խորհրդային Հայաստանի ճանաչված պետական գործիչ ու մանկավարժ Վ. Ղալումյանին, ով այսօր էլ իր անսպառ գիտելքներն ու հարուստ փորձը շարունակում է փոխանցել Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին:
Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Սևքար գյուղում ծնված Վ. Ղալումյանը, գործունեությունը սկսելով որպես գյուղատնտես, հասել է ՀԿԿ կենտկոմի քարտուղարի բարձր պաշտոնին` միշտ էլ վայելելով շրջապատի անթաքույց հարգանքն ու հիացմունքը և իր հայրենասիրությամբ վարակելով գործընկերներին:
«Երկար տարիներ զբացեցնելով պատասխանատու պաշտոններ, Դուք այնուամենայնիվ, չմոռացաք Ձեր հիմնական` գյուղատնտեսի մասնագիտությունը` դրանով Դուք կարողացաք մեծ ավանդ ներդնել Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում: Դուք այն մարդկանցից եք, որ Խորհրդային Միության փլուզումից հետո շատերի նման ընդդիմադիր կեցվածք չընդունեցիք և շարունակեցիք Ձեր բեղմնավոր աշխատանքը` չընդհատելով գիտական ու մանկավարժական գործունեությունը»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` Վ. Ղալումյանին մաղթելով քաջառողջություն ու երկար տարիների կյանք:
Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի և ջերմ շնորհավորանքների համար` Վ . Ղալումյանը նշել է, որ թեև շատ պարգևների է արժանացել, սակայն ՀՀ ԳՆ ոսկե մեդալին արժանանալը մեծ ջերմությամբ է ընդունում, քանի որ Հայաստանի գյուղատնտեսությանն առնչվող ամեն ինչը միշտ իր համար թանկ ու հարազատ է եղել:
Ի դեպ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ Վ. Ղալումյանին էին հյուրընկալվել ու իրենց շնորհավորանքները փոխանցել նաև նրա վաղեմի ընկերները`Հանրային Խորհրդի անդամներ Յուրի Ջավադյանն ու Վլադիմիր Մովսիսյանը, ՀՀ ԳՆ կոլեգիայի անդամ Կիմ Եգանյանը: