Սադամի հետ խորհրդավոր հանդիպման առավել քան խորհրդավոր օրը
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիշողություններից առանձին դրվագների հրապարակումը, կարծես, նոր հիմք է դնում անհայտ տեղեկատվության նորովի, հեքիաթատեքստ վերաշարադրանքով հրապարակման մշակույթին: Վերջին օրինակը Սադամի հետ հանդիպման պատմությունն էր:
Եթե ոմանց «դուր եկավ» վեսթերնի ոճով գրված պատմությունները սիգարների, թագավորական պալատների և սև ջիփերի մասին, ապա քաղաքականությունից որոշ պատկերացում ունեցողների մոտ որոշ դրվագների շուրջ տարակուսանք առաջացավ:
Հայաստանի արտգործնախարարը մի ամբողջ պատվիրակությամբ Իրաք էր մեկնում, դեսպանատուն բացում և Սադամին հանդիպում այն նույն օրը, երբ արաբական երկրների ղեկավարների, աշխարհի հեղինակավոր պետական, քաղաքական գործիչների մասկանցությամբ Քուվեյթում նշվում էր վերջինիս՝ Իրաքի ու Սադամի օկուպացիայից և ագրեսիայից ազատագրման տասնամյակը:
Մինչդեռ 2001 թ. փետրվարի 25-ին տասնյակ ղեկավարներ Քուվեյթում մասնակցում էին ազատագրման տասնամյակին և անկախության 40-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին, Իրաքում մեր վախեցած արտգործնախարարին մեծագույն կոնսպիրացիայով պալատից-պալատ էին տեղափոխում՝ հանդիպելու Սադամին:
Կարելի է կարծել, որ նախկին արտգործնախարարի արկածախնդրության պատճառով Հայաստանը զրկվեց միջազգային հանրությանը այդ պատմական օրը համերաշխություն հայտնելու առիթից, դրանով իսկ լուրջ անարգանք ցուցաբերելով միջազգային հանրության և Քուվեյթի ժողովրդի հանդեպ: Թվում է՝ նախկին արտգործնախարարը լիրիկական շեղումներով փորձել է շեղել մարդկանց ուշադրությունը այս փաստից, ինչը, անշուշտ, ծնելու էր հետևյալ հարցերը. ա/ որքանո՞վ էր այցի օրը «խորհրդանշական», բ/ եթե խորհրդանշական չէր, ապա որքանո՞վ էր նպատակահարմար: Եվ ամենակարևոր հարցը՝ ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ արաբական քաղաքականությունով հետաքրքված «հմուտ» արտգործնախարարը, որի համար այդ պահին Թարիք Ազիզից ավելի լավ դիվանագետ չկար, ով բացատրություններ կտար, թե ինչ է պետք անել կամ չանել արաբական աշխարհի հետ:
P.S.
Զարմանալի է, որ Սիրիայում ծնված արաբախոս դիվանագետը չգիտի մի պարզ բառ, որ «ռայիս» արաբերեն նախևառաջ նշանակում է «նախագահ»: