ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Իրանի նախագահի հետ
Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Թեհրան: ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Նախարար Նալբանդյանը Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեժադին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Նախագահ Ահմադինեժադը խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի ժողովրդին:
Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև զարգացող համագործակցության առումով, քննարկել համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձան Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների, նավթամթերքների խողովակաշարի և նավթամթերքների պահեստարանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին: Իրանի նախագահն ընդգծել է վերոհիշյալ նախագծերի իրականացման կարևորությունը: