«Օպել»-ը բախվել է «Կռազին». Կան զոհեր
Այսօր գիշեր` ժամը 01.35-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում (Հարժիս գյուղի մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել չորս հրշեջ-փրկարար: Դեռևս չպարզված համգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի և «Կրազ» մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ աղբյուրի, ավտոպատահարի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1967 թ. ծնված Ժ. Սարգսյանը մահացել է տեղում, իսկ ուղևոր, 1989 թ. ծնված Ա. Խաչատրյանը՝ հիվանդանոցում:
Հրշեջ-փրկարարները զոհված Ժ. Սարգսյանին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին:
Մինչև հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` ուղևորներ Ա. Խաչատրյանը, 1988 թ. ծնված Ա. Մկրտչյանը, 1989 թ. ծնված Ա. Ավանեսյանը, 1989 թ. ծնված Ա. Սեդրակյանը, 1990 թ. ծնված Գ. Հովհաննիսյանը և 1990 թ. ծնված Շ. Հարությունյանը տեղի ուժերով հոսպիտալացվել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ աղբյուրի, բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: