Ա. Գրիգորյան. ԵՀՄՖ-ը հասնելու է նրան, որ սլովակյան փորձը տարածվի նաև Հայոց ցեղասպանության բանաձևերն ընդունած երկրներում
Մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցը ԵՀՄՖ-ը հասնելու է նրան, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի սլովակյան փորձը տարածվի նաև Հայոց ցեղասպանության բանաձևերն ընդունած երկրներում: ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունից հայտնում են, որ այս մասին ասել է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը Բրատիսլավում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Թուրքիայի դեսպանուհի Գյուլհան Ուլուտեկինի ու Ռուսաստանում, Ադրբեջանում և Հայաստանում Սլովակիայի դեսպան Յոզեֆ Միգաշի դեմ հարուցված քրեական գործերի վերաբերող հարցերին անդրադառնալիս, Ա. Գրիգորյանը նախ դիմել է լրագրողների օգնությանը` պարզելու համար, թե տիկին դեսպանուհի Ուլուտեկինի շուրջ Սլովակիայի Ներքին գործերի նախարարության հայտարարությունն առ այն, որ տիկին Ուլուտեկինն ամբողջովին ընդունում ու համաձայն է Հայոց ցեղասպանության փաստի հետ, որքանով է համապատասխանում իրականությանը: Պարոն Գրիգորյանը դիմել է բոլոր լրագրողներին առաջարկելով պաշտոնական լրագրողական հարցում ուղղել թուրք դեսպանուհուն այս հարցի պարզաբանման շուրջ:
Դեսպան Միգաշի խնդրի շուրջ Ա. Գրիգորյանը ներկայացրել է Սլովակիայի Ներքին գործերի նախարարության և դատախազության որոշումները դեսպան Միգաշի դեմ հարուցված քրեական գործով: Սլովակիայի դատախազությունն իր որոշմամբ անընդունելի է համարել Ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված որոշումն առ այն, որ դեսպան Միգաշին անհնարին է պատժել ըստ ՔՕ-ի 424ա պարագրաֆով նախատեսված 5 տարի ազատազրկմամբ, քանի որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի: Դատախազությունն իր որոշմամբ չեղյալ է հայտարարել ՆԳ նախարարության որոշումը, քանի որ իրականում դեսպան Միգաշը դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվելու իրավունք ունի միայն այն երկրներում որտեղ ինքը դեսպան է կարգված, ասել է թե Ռուսաստանում, Ադրբեջանում և Հայաստանում: Այնպես, որ նա լիովին պատասխանատու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի խախտման դեպքում: Միաժամանակ դատախազն իր որոշման մեջ նշել է, որ դեսպան Միգաշի նկատմամբ վարչարարական պատիժ պարտավոր է սահմանել Սլովակիայի ԱԳ նախարարությունը, եթե հաստատվի որ դեսպանը չի ունեցել բավարար տեղեկատվություն վերոհիշյալ օրենքի շուրջ:
Ա. Գրիգորյանը հայտարարել է, որ ԵՀՄՖ-ը հետամուտ է լինելու այդ գործընթացին և հասնելու է դեսպանի նկատմամբ դատական մեղադրանք ստանալուն: Լրագորղի այն հարցին, թե արդյոք պարոն Գրիգորյանը չունի որևէ անձնական ոխ դեսպան Միգաշի նկատմամբ, տրվել է հստակ պատասխան, որ «ոչ չունի և այս մեղադրական գործընթացը կատարվում է միայն և միայն Հայոց ցեղասպանության շուրջ արդարադատություն կիրառելու ու Թուրքիային ցեղասպանության փաստն ընդունել տալու համար»:
Ա. Գրիգորյանը ներկայացրել է նաև Ստրասբուրգի դատարանում Հունգարիայի վարչապետ Օրբանին կոռուպցիայի և պետական կոռուպցիայի կազմակերպման շուրջ մեղադրանքներով դատական գործընթաց սկսելու ու Հաագայի միջազգային դատարանում ամենաբարձր, արհեստավարժ իրավաբանների օգնությամբ գործ կազմելու և Ադրբեջանին պետական տերորիզմի մեջ մեղադրանք ներկայացնելու շուրջ:
Հունգարական MTI լրատվական գործակալության լրագրողի այն հարցին, թե ինչ աշխատանքներ է կատարվում հայկական պետության և ԵՀՄՖ-ի կողմից Հաագայի դատարանում դատական գործընթաց սկսելու հարցում, Ա. Գրիգորյանը պատասխանել է, որ մինչ փետրվարյան նախագահական ընտրությունները վերոհիշյալ հարցերի շուրջ ընթանալու են ոչ ակտիվ աշխատանքներ և միայն ընտրություններից հետո աշխատանքները կմտնեն նոր ակտիվ զարգացման փուլ: