Մշակույթի նախարարը՝ Գառնիի տաճարի տարածքում իրականացվող շինարարության մասին
«Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից պարզել՝ արդյոք Գառնիի հեթանոսական տաճարի հարևանությամբ սկսվե՞լ են սրճարանի կառուցման աշխատանքները: Այնտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում, բայց՝ այլ ուղղությամբ,- վստահեցրել է նախարարը:
Նա նաև հավելել է, որ «Այժմ հենապատն է սարքվում և ոչ թե սրճարանը, մենք ուսումնասիրել ենք, ու սրճարանի տարածքը դիտակետի իմաստով կուրուստ է, դրա համար այնտեղ ուղղակի բարեկարգման աշխատանքներ կանենք, մինչև ընդհանուր ենթակառուցվածքները հասկանանք: Այնտեղ՝ կողքը, հնագիտական բազա կա, որը ևս կամ պետք է տեղափոխվի այդտեղից, կամ բարեկարգվի: Որոշում է կայացվել մի հատ նորից ենթակառուցվածքներին անդրադառնալ: Այս պահի դրությամբ հենապատը ամրացվելու է, բարեկարգվելու է»:
-Այնուամենայնիվ, անհանգստություն կա, որ սրճարանը կկառուցվի առաջիկայում:
-Ընդամենը հենապատ է շարվում, որը գոյություն ուներ, նոր քարերով վերաշարում են, որովհետև այդպես փնթի տեսքով չի կարող մնալ: Հավանաբար, ամբողջ տարածքում նաև շաբաթօրյակ է արվելու: