Դեր Զորում մոտ զանգվածային գերեզմանատուն է հայտնաբերվել
Սիրիայի Դեր Զոր նահանգում հայտնաբերվել է 230 մարդու դիերով զանգվածային գերեզման: Ըստ Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի` սպանության հետևում կանգնած են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները: Այս մասին հայտնում է Al-Jazeera-ն:
«Մոնիթորինգի սիրիական կենտրոնը վստահելի աղբյուրներից տեղեկություն ունի, որ Դեր Զորի արևելքում` Կամշլիի անապատի շրջակայքում, զանգվածային գերեզման է հայտնաբերվել, որտեղ եղել է 230 մարդու դի: Նրանք Շայթաթ ցեղի անդամներ էին, ում սառնասրտորեն սպանել են ԻԼԻՊ-ին դիմադրություն ցույց տալու համար»,-ասվում է կենտրոնի հայտարարության մեջ:
Ըստ կազմակերպության` դիերը հայտնաբերել են ցեղի անդամները, ովքեր ամիսներ բացակայելուց հետո վերադարձել էին իրենց գյուղ: