ՀԷՑ-ի աուդիտի անցկացման համար մրցութային հայտ ներկայացրել է մեկ ընկերություն
Աուդիտորական ծառայությունների մատուցման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության հայտարարած բաց մրցույթի շրջանակում ընկերությունից փաթեթ պահանջել ու ստացել է մեկ ընկերություն: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը:
Հարցին, թե որ ընկերությունն է, ՀԷՑ ներկայացուցիչն ասաց` այլ տվյալներ չի կարող հրապարակել. «Չեմ կարող ասել, որովհետև ընթացակարգով նախատեսված չէ մասնակիցների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը»:
Սարջանյանը չմանրամասնեց նաև, թե փաթեթ վերցրած ընկերությունը արտասահմանյա՞ն է, թե՞ հայաստանյան: Նա հիշեցրեց, որ մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է՝ նկատի ունենալով, որ մինչ այդ հայտ ներկայացնող ընկերությունների թիվը կարող է ավելանալ:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2009-2014 թթ. ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ Էներգետիկայի նախարարության միացյալ ջանքերով:
Նախնական գնահատականներով աուդիտի անցկացման ժամկետը կկազմի 3 ամիս:
Մրցութային հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ քան 2015 թվականի սեպտեմբերի 30–ի ժամը 10:00-ն: Ծրարների հրապարակային բացման ընթացակարգը կիրականացվի 2015 թվականի սեպտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին: