Վերջին յոթ տարում ստեղծվել է հայկական տեքստային 26 տառատեսակ. Ղաբուզյան
Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների մշակման և պահպանման բաժինը վերջին յոթ տարվա ընթացքում ստեղծել է հայկական տեքստային 26 տառատեսակ: Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների մշակման և պահպանման բաժնի վարիչ Էդիկ Ղաբուզյանն ասաց, որ 26 տառատեսակն էլ Յունիկոդ համակարգում է մշակված, կարելի է օգտագործել ցանկացած տպագրությունում, վեբ-դիզայնում:
«Որակով, նորմալ տառատեսակներ են»,- նշեց նա:
Էդիկ Ղաբուզյանի խոսքով, իրենց առջև դրված է հստակ առաջադրանք՝ տարեկան երեք տառատեսակ ստեղծել, սակայն իրենք ավելին են անում. «Յոթ տարում 26 տառատեսակ ենք ստեղծել: Այս տարվա ընթացքում էլ հինգ տառատեսակ ենք ստեղծել»:
Նա նշեց, որ ամենակիրառելին GHEA Mariam և GHEA Grapalat տառատեսկաներն են, որոնք ընդունված են պետական համակարգում որպես պարտադիր տառատեսակներ: Պետական համակարգում ցանկացած փաստաշրջանառություն արվում է այդ տառատեսակներով, գործածվում են նաև գեղարվեստական գրականություն տպելու համար, գովազդային պաստառների վրա: