Բացարձակ ընտրացուցակ անհնար է պատկերացնել, խնդիրը բացակաների փոխարեն քվեարկել թույլ չտալն է. Տիգրան Մուկուչյան
Դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրության հանրաքվեի նախապատրաստման միջոցառումների շրջանակում ոստիկանությունը պարբերաբար հրապարակում է ընտրական ցուցակները և ըստ վերջին տվյալների՝ ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիների թիվը կազմում է 2 միլիոն 553 հազար 85։ Այս թիվը որոշ շրջանականերում անվստահություն էր առաջացրել ընտրացուցակների կազմման մեխանիզմների նկատմամբ ու անգամ որոշ գործիչներ հեգնում էին, թե մանկահասակ կամ նորածին երեխաները ևս պետք է մասնակցեն քվեարկությանը:
Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հորդորում է չշփոթել մարդահամարի ու ընտրացուցակի տվյալները և դրանք չհամադրել միմյանց:
Նրա խոսքով, ընտրացուցակները հրապարակային են, ոստիկանության պաշտոնական կայքում դրանք տեղադրված են ներբեռնելու հնարավորությամբ և ցանկացած խնդրի կամ մտահոգության դեպքում, ոստիկանությունը «սպառիչ պատասխաններ» ներկայացնում է:
«Թիվը փորձ է կատարվում համադրել մարդահամարի տվյալների հետ, ինչի հիման վրա էլ արվում են դատողություններ: Բայց պետք է հասկանալ մի բան` մարդահամարի վերաբերյալ տեղեկությունները ստացվում են բոլորովին այլ մեթոդոլոգիայի կիրառմամբ: Այստեղ կարևորն այն է, թե ինչ մեթոդի հիմքով է ձևավորվում այդ տվյալը», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Պաշտոնյայի ներկայացմամբ, ընտրողների ցուցակների կազմման պարագայում մոտեցումը հստակ է` ընտրողների ցուցակում ընդգրկվում են այն բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն հաշվառում Հայաստանի Հանրապետությունում:
«Այսինքն եթե անձը ՀՀ քաղաքացի է ու ունի հաշվառում Հայաստանի Հանրապետությունում, անկախ նրանից, թե ՀՀ-ից բացակայում է 2, 3 կամ տասը տարով ու եթե նա չի դիմել և դուրս չի եկել հաշվառումից, ապա այդ անձը կարող է ընդգրկված լինել ընտրացուցակում», -ներկայացրեց Տիգրան Մուկուչյանը:
Սակայն, մարդահամարի պարագայում գործում է «ժամանակավոր բացակայող» եզրույթը, և եթե անձը բացակայում է երկու տարի ժամկետով, նրա վերաբերյալ տեղեկությունները մարդահամարի տեղեկություններում չեն կարող լինել, բայց եթե նա ունի հաշվառում, ապա կարող է ընդգրկված լինել ընտրողների ցուցակում:
«Բացարձակ ընտրացուցակ անհնար է պատկերացնել: Ինչո՞ւ: Որովհետև վերջնական ցուցակները կազմվում են և տրամադրվում տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեարկությունից առնվազն երկու օր առաջ: Ցավոք, բայց այդ օրերին կարող են լինել մարդիկ, ովքեր ինչ-ինչ հանգամանքների բերումով կարող են դուրս գալ հաշվառումից և նրանց վերաբերյալ տեղեկությունները, բնական է, չեն կարող հանվել այդ ցուցակներից: Նույնիսկ ամենակատարյալ ընտրացուցակների դեպքում մտածել, որ բացարձակ ճշգրիտ ցուցակ կարող է լինել, իհարկե, այդպես չէ», -նկատեց ԿԸՀ նախագահը:
Խնդիրը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ անկախ նրանից, թե անձը գտնվում է Հայաստանում կամ բացակայում է Հայաստանից, եթե նա չի գնացել ընտրական տեղամաս, որևէ մեկը նրա փոխարեն չկատարի քվեարկություն:
«Դա ընտրական հանցագործություն է: Որևէ նշանակություն չունի այդ անձը իրենց տանն է, թե ոչ, եթե չի գնացել այդ օրը ընտրատեղամաս, ապա պետք է այնպես անել, որ նրա փոխարեն փորձ չկատարեն քվեարկել: Ասենք թե մի տեղամասում կա 1000 ընտրող, որոնցից 300-ը չի գնացել քվեարկության, 200 ընտրող բացակայում է, մասնակցել է 500-ը, խնդիրն այն է, որ մյուս 500-ի փոխարեն քվեարկություն տեղի չունենա: Այսինքն, շեշտադրումը պետք է այստեղ գտնել», -նշեց Մուկուչյանը:
Նա ընդգծեց, որ Ընտրական օրենսգիրքը բոլոր հնարավորությունները տալիս է, որպեսզի վերահսկողություն կատարվի ընտրական գործընթացի ժամանակ և ուրիշի փոխարեն քվեարկություն չկատարվի ընտրատեղամասերում:
«Առաջին հերթին վերահսկողները հանձնաժողովներն են, երբեք չի կարելի հանձնաժողովների նկատմամբ վերաբերել մեղավորության կանխավարկածով, իսկ երկրորդ հերթին դա հասարակական լայն վերահսկողության հնարավորությունն է, ինչը վերապահված է Ընտրական օրենսգրքով` վստահված անձ, լրագրող, դիտորդ, տեսանկարահանման և լուսանկարահանման անսահամափակ հնարավորություններ», -հավելեց պարոն Մուկուչյանը: