Գաբրիել Ղազարյան. «Այս ոլորտում շատ անելիքներ կան»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ նոյեմբերի 24-ին, ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողական խորհրդի ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «Ուսանողական աշուն 2015» մարզամշակութային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարը ողջունի խոսքով դիմել է ներկաներին՝ նշելով, որ շատ է կարևորում ուսանողական սպորտը, և նախարարության հաջորդ տարիների ռազմավարության մեջ հատուկ տեղ են զբաղեցնում այդ ուղղությամբ տարվող ծրագրերը: «Այո, այս ոլորտում շատ անելիքներ կան, պետք է աշխատանքներ տարվեն հատկապես ուսանողների առողջ ապրելակերպի նկատմամբ հետաքրքրությունն ավելացնելու ուղղությամբ: Այսօրվա ուսանողներն են կերտելու մեր երկրի ապագան, որտեղ, վստահ եմ, լինելու է հզոր, տնտեսապես կայուն ու առավել զարգացած, անխախտ պետականություն ունեցող երկիր՝ Հայաստանի Հանրապետությունը»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանը:
Նոյեմբերի 19-ից մեկնարկած փառատոնի ընթացքում մասնակիցները մրցելու են տարբեր մարզաձևերում՝ բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, բազկամարտ, հրաձգություն, շախմատ, ինչպես նաև ինտելեկտուալ՝ «Ինչ, որտեղ, երբ» խաղով: Այս տարի ՀՊՏՀ-ի 6 ֆակուլտետների ուսանողներից բաղկացած թիմերի հետ մեկտեղ ուժերն է չափելու նաև Երևանի պետական կոնսերվատորիայի թիմը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ