Թուրքագետ. Բավական վտանգավոր քայլով Թուրքիան փորձում է վճռական երևալ
Panorama.am-ի հարցերին պատասխանում է թուրքագետ Լևոն Հովեսփյանը:
Հարց- Թուրքիայի կողմից ռուսական կործանիչի խոցումն ինչպե՞ս կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա, ի՞նչ զարգացումների կարող ենք ականատես լինել:
Լևոն Հովսեփյան-Սա չափազանց լուրջ միջադեպ է, և միանշանակորեն այն լարված հարաբերությունները, որ կային Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հատկապես վերջին շրջանում, դիմակայության նոր փուլ են թևակոխում: Լարվածությունը չափազանց մեծ է, կարծում եմ՝ առաջաիկայում է´լ ավելի կմեծանա:
Մի կողմից Թուրքիան սա համարում է իրավաչափ գործողություն՝ հայտարարելով, որ կործանիչը խախտել է Թուրքիայի օդային տարածքը, մյուս կողմից էլ ռուսական կողմը պնդում է, որ ինքնաթիռը բացառապես եղել է Սիրիայի տարածքում: Մամուլը սկսեց հրապարակել մի կարևոր բան, թե իբր ռուսական խոցված ինքնաթիռը պետք է աջակցություն ցույց տար Ասադի ուժերին թուրքմենաբնակ շրջաններում ռմբակոծություններ իրականացնելու: Հաշվի առնելով, որ Թուրքիան ցանկանում էր թուրքմենական խաղաքարտը օրակարգ բերել, մասնավորապես տեղափոխել ՄԱԿ-ի անվտագության խորհուրդ, միջազգային մեծ հնչեղություն տար, ուստի Թուրքիան կփորձի հարցը շահարկել, ասելով, որ այն պետք է խոցեր թուքմեներին, որոնք կռվում են Ասադի ուժերի դեմ:
Հիմա լարվածությունը չափազանց մեծ է, Թուրքիան կփորձի խոցման հարցը տեղափոխել ոչ միայն ՄԱԿ-ի, այլև ՆԱՏՕ-ի ամբիոն, քանի որ արդեն Թուրքիան պահանջ է ներկայացրել և այսօր սպասում է ՆԱՏՕ-ի՝ այս հարցի վերաբերյալ արտահերթ նիստին: Թուրքիան փորձելու է սիրիական հիմնախնդրում ավելի մեծ լծակներ ձեռք բերել: Ակնհայտ է, որ Թուրքիան խաղում է ԱՄՆ ռազմավարության շրջանակում:
Հարց- Այսինքն կարծում եք, որ գործողությունները համաձայնեցվա՞ծ են Միացյալ Նահանգների հետ:
Լևոն Հովսեփյան -Չեմ կարող հստակ ասել ինքնաթիռի խոցման հետ կապված համաձայնեցվա՞ծ են, թե՞ ոչ, բայց սիրիական ընդհանուր պրոցեսների համատեքստում սա հնարավորություն է տալիս, որ Թուրքիան ավելի հաստատակամորեն պնդի հիմնախնդրի վերաբերյալ ունեցած իր մոտեցումները և որոշակի դիվիդենտներ ապահովի, խոսքը վերաբերում է անվտագության գոտի կոչվածին: Կարծում եմ, այս միջադեպն ավելի կնպաստի, որ Թուրքիան ավելի առաջ տանի պնդումն ու իր համար ցանկալի արդյունքների հասնի:
Հարց-Ռուս-թուրքական հարաբերություններում ի՞նչ հնարավոր սրացումներ կարող են լինել:
Լևոն Հովսեփյան -Չափազանց լարված իրավիճակ է, որը երկար կպահպանվի: Սա սովորական միջադեպ չէ, ռազմական ոլորտում լուրջ բախում եղավ: Եթե մինչև այժմ բախումները քաղաքական մասով էին, սա արդեն ռազմական ոլորտում էր: Դիմակայությունն էլ ավելի լուրջ է դրսևորվում: Դժվար է ասել, թե ինչ ընթացք կունենա, բայց կարծում եմ, կփորձեն քաղաքական հարթության մեջ հարցի լուծումը գտնել, գուցե առավելապես կուլիսներում կպայմանավորվեն: Չեմ կարծում, որ սա կտանի ռազմական առճակատման կողմերի միջև: Իրավիճակը լարված է, չեմ էլ կարծում, որ Ռուսաստանը Թուրքիայի կողմից նման քայլն անպատասխան կթողնի, բայց ի՞նչ ձևաչափով, ինչպե՞ս, դա առայժմ հարց է մնում:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը Су-24-ի հետ կապված միջադեպը որակել է հարված թիկունքին
- Սիրիական ընդդիմությւոնը հայտարարել է ռուս օդաչուի սպանվելու մասին
- Ռուսական կործանիչի խոցման հարցով ՆԱՏՕ-ն արտակարգ նիստ է հրավիրել
- Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. Ռուսական Су-24-ի խոցումը «լուրջ դեպք» է
- Պուտինը Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա
- Թուրքիան ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռ է խոցել