Պիպոյան. Առանց մակնշման վաճառվող հավերը պետք է լաբորատոր փորձաքննության ենթարկվեին
Սննդամթերքի անվտագության պետական ծառայությունը պետք է իրականացներ առանց մակնշման վաճառվող հավերի լաբորատոր փորձաքննություն: Անդրադառնալով «Երևան սիթի»-ում առանց մակնշման հավերի վաճառքի վերաբերյալ ՍԱՊԾ արձագանքին, նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Չի բացառվում, որ այդ հավերը լինեն ժամկետանց: Եթե ապրանքի պիտանելության ժամկետը չի երևում արտադրման օրը, սրա իրացումը պետք էր վերականգնել այն ժամանակ, երբ պարզ լիներ, այդ խմբաքանակը ժամկետա՞նց է, թե՞ ոչ, իրացման ենթակա՞ է, թե՞ ոչ: Դա կտևեր մի քանի օր, հինգ օր առնվազն տևում է լաբորատոր փորձաքննությունը»,-մանրամասնեց ՀԿ նախագահը:
Հիշեցնենք, որ ՍԱՊԾ-ին առանց մակնշման հավերի վաճառքի վերաբերյալ ահազանգել էր Panorama.am-ը, ինչից հետո ծառայությունից հայտնել էին, որ ՍԱՊԾ տեսուչները շրջայց են կատարել Օհանովի փողոցում գտնվող «Երևան Սիթի»-ում, նաև սուպերմարկետի իրացման այլ կետերով:
«Լուսակերտի, Արաքսի, Էրեբունու արտադրության հավերն եղել են առանց պատշաճ մակնշման ու խառնված, միայն արտադրողի անունն է եղել, հանձնարարել են շտկել ու ամբողջական մակնշում ապահովել, երեկվա դրույթամբ բոլոր շտկումներն արել էին ցանցում»,-ասել էին ՍԱՊԾ-ից:
Պիպոյանը պատասխանի վերաբերյալ մի քանի հարցեր ունի. «Ի՞նչ է նշանակում, շտկումներն արվել են: Սա անհեթեթություն է, սա մեկնաբանություն չէ: Ապրանքի իրացումը կասեցվե՞լ է, օգտահանվե՞լ է, սրանք էլ են շտկման ձևեր, ի՞նչ է արվել ի վերջո»:
Նրա խոսքով, «շրջայց» հասկացություն չկա. «Կամ պետք է անեն դիտարկում, կամ ստուգում: Եթե արել են դիտարկում, ապա պետք է տան դրա հրամանը՝ իրավական հենքը»:
ՀԿ նախագահին զարմացնում է ժամկետի վերաբերյալ մակնշման ավելացումը, եթե արտադրողը կամ ներկրողը մի քանի ամիս առաջ մորթված հավի վրա փակցնում է նախորդ օրվա մակնշումը, ի՞նչ եք անում:
«Շատ հաճախ թերի տեղեկատվություն է տրամադրվում, որովհետև թերի աշխատանք է կատարվել: Պետք էր պարզել, արդյո՞ք այդ հավերը իրացման ենթակա են, թե ով, դա ընդհանրապես որտե՞ղ է արտադրվել, ո՞վ է ներկրել: Եթե լաբորատոր փորձաքննություն չի արվել, ապա գործել են թերի»,-ասաց Պիպոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ