Cу-24-ի կործանման հնարավոր տնտեսական հետևանքները կողմերի համար
Թուրքական զինուժի կողմից ռուսական Су-24-ի խոցումը թուրք-սիրիական սահմանին կարող է հարվածի տակ դնել Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա բազմապրոֆիլ առևտրատնտեսական կապերը, սկսած՝ առևտրից մինչև զբոսաշրջության ոլորտ և էներգետիկա:
Եվ այսպես, ինքնաթիռի կործանումից հետո պարզ դարձավ, որ առաջին հարվածը հասցված է զբոսաշրջության ոլորտին: ՌԴ ԱԳՆ-ն և Ռոստուրիզմը հրապարակային հորդորեցին Ռուսաստանի քաղաքացիներին խուսափել դեպի Թուրքիա զբոսաշրջային ճամփորդություններից, քանի որ այդ երկրում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը պակաս չէ Եգիպտոսից: Անկասկած, նման հայտարությունը չի կարող ազդեցություն չունենալ Ռուսաստանից Թուրքիա այցելուների հոսքի վրա:
Թուրքիան ռուսաստանցիների համար ամառային սեզոնի լավագույն զբոսաշրջային ուղղությունն է: Իսկ Թուրքիայի համար Ռուսաստանը ապահովում է երկրորդ ամենամեծաթիվ զբոսաշրջային հոսքը Գերմանիայից հետո: Նախորդ տարի Թուրքիա այցելել են 4.5 մլն զբոսաշրջիկ: Համաձայն վիճակագրության՝ Թուրքիայում հանգստացող յուրաքանչյուր օտարերկրացի զբոսաշրջիկ ծախսում է միջինով 700-770 դոլար:
Հետևաբար ռուս զբոսաշրջիկները այդ երկրում նախորդ տարի ծախսել են համախառն 3.2 մլրդ դոլար: Այսինքն լարվածությունը կարող է հագեցնել շոշափելի կորուստների Թուրքիայի զբոսաշրջության ոլորտին:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների մեջ կարևոր և առաջնային բաղկացուցիչ է փոխադարձ առևտրաշրջանառությունը, որը ևս կարող է ռիսկի տակ հայտնվել ինքնաթիռի խոցման դեպքից հետո: Հարվածի տակ է 30 մլրդ դոլարը գերազանցող առևտրաշշրջանառությունը: Թուրքիան Ռուսաստանի 5-րդ ամենախոշոր առևտրային գործընկերն է՝ զիջելով միայն Չինաստանին, Գերմանիային, Նիդերլանդներին և Իտալիային: Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքների և ծառայությունների առևտրի ծավալը կազմում է 44 մլրդ դոլար:
Դեռևս երկու ամիս առաջ Էրդողանը՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ 2023թ-ին երկու երկրների առևտրաշրջանառությունը պետք է հասցնել 100 մլրդ դոլարի: Այս հայտարարությունը մասնագետների շրջանում ընկալվեց իրատեսական՝ հաշվի առնելով ռուս-թուրքական հարաբերությունների բազմապրոֆիլ և մասշտաբային բնույթը, սակայն Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացվող գործողությունները երկու երկրների հարաբերություններին լարվածություն հաղորդեց, որն էլ իր գագաթնակետին հասավ Թուրքիայի կողմից նախօրեին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումով:
Ռուս-թուրքական հարաբերություններում առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում էներգետիկ ոլորտի համագործակցությունը: Թուրքիան «Գազպրոմի» երկրորդ խոշոր սպառման շուկան է: 2014թ-ին Ռուսաստանը Թուրքիա առաքել է 27.3 մլրդ խմ գազ, որը վերջինիս համախառն սպառման 60 %-ն է: Նախորդ տարի համաձայնագիր է կնքվել «Թուրքական հոսք» նախագծի իրականացման շուրջ, որը փոխարինելու է «Հարավային հոսքին»: Թուրքիայի վառելիքային շուկայում խոշոր խաղացող է նաև ռուսական Լուկոյլ ընկերությունը՝ տիրապետելով մոտ 600 բենզալցակայանների: Trakya Elektrik գազային էլէկտրակայանում խոշոր ներդրումներ է կատարել է նաև ռուսական Ինտեր ՌԱՈ-ն :
Ռուսաստանը և Թուրքիան 2010թ-ից համաձայնություն ունեն 20 մլրդ արժողությամբ ատոմակայան կառուցելու շուրջ:
Թուրքիան և Ռուսաստանը ակտիվ համագործակցություն ունենա նաև ռազմատեխնիկական ոլորտում: Մինչև Су-24-ի խոցելը Ռուսաստանը Թուրքիային մատակարարել է «Корнет-Э» հակատանկային հրթիռային համակարգեր, Ми-17 ուղղաթիռներ, զրահապատ զինտեխնիկա և այլն:
Նախօրեին ՌԴ գլխավոր շտապի պետը հայտարարել է, որ «Թուրքիայի հետ ռազմական գծով շփումները կդադարեցվեն»:
Ամփոփելով նշենք, որ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մինչև այժմ հնչած հայտարարություններից հստակ նկատելի է, որ տեղի ունեցածը չի կարող անհետևանք մնալ և առնվազն սպասվում է ռուս-թուրքական հարաբերությունների վերանայում համագործակցության բոլոր ոլորտներում:
Հակոբ Սաֆարյան, տնտեսագետ
Հարակից հրապարակումներ`
- Իրանագետ. Իրանը շահեց, Թուրքիան կորցրեց
- Թուրքիան փորձության է ենթարկում հետսառըպատերազմյան աշխարհակարգը