Սմբատ Լպուտյան. «Այս ցուցանիշը մեծ հաղթանակ է մեր ժողովրդի համար»
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում խոսեց Եվևոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի ելույթների մասին: Գրանցված արդյունքը (Հայաստանի ընտրանին հռչակվել է մայրցամաքի փոխչեմպիոն), ըստ Լպուտյանի, մեծ հաղթանակ է հայ ժողովրդի համար:
«Եվրոպայի թիմային առաջնությունը բավական բարդ մրցաշար էր մեր հավաքականի համար, և սկզբում մենք ունեցանք փոքրիկ վրիպում, ավելի շուտ՝ մի պահ տղաների խաղը լավ չէր ստացվում: Բայց ինչպես այս տարի՝ աշխարհի առաջնությունում, այնպես էլ հիմա կարողացանք եզրափակիչ մասը գերազանց անցկացնել: Իրականում շատ լավ խաղացինք, վերջին հանդիպումներում զգացվում էր համախմբվածությունը, նպատակասլացությունը, պայքարի այն մեծ ցանկությունը, որը հանգեցնում է նման մեծ հաղթանակների: Ես դա շատ մեծ հաղթանակ եմ համարում: Նման մրցաշարերում Ռուսաստանի ընտրանին միշտ առաջատար է և երբ սկսում է լավ խաղալ, մի փոքր դժվար է լինում պայքարել նրա դեմ: Ռուսները շախմատային մեծ ուժ ունեն, նրանց հետ մեր շախմատիստները միշտ էլ շատ լավ են պայքարել, բայց այս անգամ Ռուսաստանը շատ լավ ներկայացավ: Խոսքը և տղամարդկանց, և կանանց թիմերի մասին է:
1992 թ.-ից, երբ սկսեցինք առանձին հանդես գալ՝ որպես անկախ երկիր, անցել է 23 տարի: Այդ ժամանակահատվածում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ու Օլիմպիադաներում թվով ամենաշատ մեդալներ վաստակել է Ռուսաստանը՝ 23, այդ թվում 14-ը՝ ոսկե, 6-ը արծաթե և 5-ը՝ բրոնզե: Աշխարհում երկրորդը Հայաստանն է՝ 15 մեդալով (5 ոսկե, 2 արծաթե և 8 բրոնզե): Երրորդն Ուկրաինան է, որը վաստակել է 13 մեդալ (3 ոսկե, 4 արծաթե և 6 բրոնզե): Այս երեք թիմն ուժեղագույնն են աշխարհում, որովհետև չորրորդ թիմը՝ Չինաստանը, ընդամենը 6 մեդալ ունի: Նրան 5 մեդալով հաջորդում է Հունգարիան: 4-ական մեդալ ունեն Գերմանիան, Ֆրանսիան, Ադրբեջանը: Այս ցուցանիշը ես մեծ հաղթանակ եմ համարում մեր ժողովրդի համար»,- հայտարարեց Սմբատ Լպուտյանը: