ԱՄՆ նախկին պաշտոնյա. Էրդողանը սադրանքով փորձում է կոնֆլիկտ հրահրել ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև
ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Թոմ Մաքիներնին Fox հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ ռուսական ինքնաթիռի խոցումը Էրդողանի կողմից երկար ժամանակ պլանավորված սադրանք էր, որով իսլամիստ Էրդողանը փորձում է կոնֆլիկտ հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Հաղորդում է «Russia today»-ը:
«Իմ կարծիքով սա կանխամտածված սադրանք էր Թուրքիայի նախագահի կողմից: Գիտեք, Թուրքիան շատ աշխարհիկ պետություն էր, բայց նա երկիրը տարավ դեպի իսլամ շարիաթի կանոններով: Այդ իսկ պատճառով էլ կարծում եմ, որ նա կարող էր ունենալ թաքնված ծրագրեր: Հավանաբար Էրդողանը դեմ չէր լինի, եթե Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն նոր հակամարտության մեջ քաշվեին, ինչպես որ դա եղավ Ուկրաինայում և որը մեզ պետք չէր: Եվ ահա, այն ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կհայտնվեր տեսադաշտից դուրս»,- նշել է ամերիկացի գեներալը:
Վերջինս մանրամասնել է, որ իր մասնագիտական գնահատականներով ռուսական ինքնաթիռը Թուրքիայի վրա հարձակվելու մտադրություն չի ունեցել, քանի որ ուղղակի հայտնվել է սահմանի մոտակայքում և չի իրականացրել որևէ վտանգավոր մանևրներ: Գեներալի խոսքով, ժամանակահատվածն էլ շատ կարճ է եղել, ուստի նման կերպ վարվելը թուրքական կողմից բացարձակ սխալ որոշում է եղել: