Նախկին սահմանադրությունը չի գործել, սա էլ չի գործելու. Գիմիշյան
«Սահմանադրության լավ ու վատ չի լինում: Նոր սահմանադրության մեխն այն է, որ պետք է տեսնենք, թե ինչ է տալու այս սահմանադրությունը մեզ, որը չի տվել նախկինը: Ասում ենք քաղաքական դաշտը կայացած չէ, քաղաքացիական հասարակւթյունը նոր ծիլեր է տալիս: Այս փոփոխությունները լուրջ հնարավորություններ են տալիս»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ սահմանադրությունը պիտի լինի համապատասխան այդ երկրին, նրա առջև դրված խնդիրներին և մարտահրավերներին:
Ըստ նրա, նաև լավ հնարավորություն է ընձեռվում մարզպետարանների և ՏԻՊ-երի սերտ կապի ու աշխատանքի:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն էլ ասաց, որ հերթական անգամ չլսեց, թե այս սահմանադրության դրականը որ է. «Բոլոր կառավարման համակարգերն էլ ունեն իրենց դրական ու բացասական կողմերը, եթե իշխանությունները լավը չեն, կառավարման համակարգը կապ չունի: Նշանակություն չունի կառավարման համակարգը, նշանություն ունի թե ինչպիսին է կարգը կանոնը, բյուրոկրատիան»:
ՏԻՄ-մարզպետարաններ կապին անդրադառնալով, Գիմիշյանը նկատեց, որ որևէ բան այս սահմանադրությունը չի տալիս այդ մասով, իսկ մարզպետարանները պետք է ընդհանրապես վերացնեն. «Մեզ նման փոքր պետություններին մարզպետարաններ պետք չեն»:
Անդրադառնալով նախկին սահմանադրություններին՝ նա հավելեց. «Նախկինը չի գործել, սա էլ չի գործելու, չնայած Ռոբերտ Քոչարյանի սահմանադրությունը անմեղության տիպար էր այս սահմանադրության մոտ»:
Ըստ Գիմիշյանի՝ Ղարաբաղի խնդիր ունեցող Հայաստանը միանշանակ պետք է մնար նախագահական համակարգի:
Լեռնիկ Ալեքսանյանն էլ ավելացրեց, որ չունենք լավ ընդդիմություն, որը կգնար կշփվեր մարդկանց հետ, Գիմիշյանն էլ պատասխանեց. «Ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ ընդդիմությունն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին