Մայր Աթոռում սկսվել է Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ղեկավար մարմնի ժողովը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու հրավերով նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքն է սկսել Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ղեկավար մարմնի (ԵԵԿ) եռօրյա ժողովը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
ԵԵԿ ժողովը բացվել է այսօր Մայր Աթոռի Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռում կազմակերպված էկումենիկ աղոթքի արարողությամբ: Այն առաջնորդել է Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Այնուհետև Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի է ունեցել առաջին նիստը, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից ողջույնի խոսք է ասել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Նաթան Սրբազանը, կարևորելով ժողովականների մեկտեղումը համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, ի մասնավորի խոսել է պատմության ընթացքում հայ ժողովրդին բաժին ընկած դժվարությունների, մարտահրավերների և կրած հալածանքների մասին: Սրբազանն ընդգծեց, որ հայոց ազգը քրիստոնեական հավատով կարողացավ հաղթահարել այդ ամենը և պահպանել իր քրիստոնեական ինքնությունն ու արժեքները:
«Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայոց Եկեղեցին սրբադասեց ցեղասպանության զոհերին, ովքեր քրիստոնեական ճշմարիտ հավատքի վառ օրինակն էին: Իրենց նահատակության միջոցով նրանք ցույց տվեցին, որ ոչ մի երկրային ուժ չի կարող հաղթանակ տանել հավատքի նկատմամբ` իբրև վկայություն Սուրբ Պողոսի խոսքի` «Ո՞ւր է, ո՛վ մահ, քո խայթոցը, ո՞ւր է, ո՛վ գերեզման, քո հաղթությունը» (Ա Կորնթ.ԺԵ 55):
20-րդ դարի երկրորդ կեսից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կարևոր մասն է կազմում ժամանակակից էկումենիկ շարժման՝ լինելով անդամ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի, մասնակցելով տարբեր միջհարանվանական երկխոսություններին ու ծրագրերին:
Իսկապես, հավատքի հոգևոր ճամփորդությունն ավելի ամբողջական ու հարստացնող է դառնում, երբ իրականացվում է նրանց հետ, ովքեր քեզ հետ կիսում են ընդհանուր հավատալիքներն ու արժեքները: Միմյանց համար աղոթելն` իբրև քրիստոնյաներ, պարտականություն է, ինչը նույնպես կարող է նկատվել իբրև միմյանց նկատմամբ սիրո դրսևորում:
Այս օրերին, երբ աշխարհի տարբեր անկյուններում մեր քրիստոնյա քույրերն ու եղբայրները ենթարկվում են ամենասարսափելի հալածանքների այն պատճառով, թե ովքեր են նրանք և Ում են հավատում, մեզ համար պարզ է դառնում, որ մենք միայն մեր միության, քրիստոնեական համերաշխության և փոխադարձ սիրո միջոցով կարող ենք դիմագրավել այս բոլոր դժվարությունները», - նշել է Նաթան արքեպիսկոպոսը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց