Սահմանադրական փոփոխությունները միտված կլինեն տնտեսական և ընկերային հարաբերությունների խթանմանը. ՍԴՀԿ
Նախօրեին տեղի էունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչության լիագումար նիստը, որի ընթացքում նշվել է, որ Հայաստանում Սահմանադրական փոփոխությունները միտված կլինեն ոչ միայն իրավական, այլև տնտեսական և ընկերային հարաբերությունների խթանմանն ու բարելավմանը: Այս մասին հայտնում են ՍԴՀԿ լրատվական ծառայությունից:
Լիագումար նիստում անդրադաձ է եղել սիրիահայ համայնքի այսօրվա խնդիրներին և սիրիական պատերազմի պատճառով տնտեսական և ընկերային ծանր պայմաններում գտնվող մեր համայնքին, ինչպես նաև նրանց անվտանգության խնդիրներին: Առաջարկվել է շարունակել հետամուտ լինել Սիրիայի հայրենակիցների օգնության և աջակցության գործում:
Կենտրոնական վարչությունը ողջունել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշումը՝ այն է Համահայկական խորհրդի ստեղծումը:
Տարածաշրջանային իրադարձությունները նույնպես քննվել են նիստի օրակարգում. Կենտրոնական վարչությունն անդրադարձավ Թուրքիայի բացասական դերակատարությանը Մերձավոր Արևելքի հակամարտության գոտում, իսկ նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները որակվել են որպես հետ քայլ՝ երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման և խոսքի ազատության սահմանափակման աննախադեպ աճի պատճառով: