Սեյրան Օհանյան. Միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն այն բանին, որ սրացումներ չլինեն
Թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումը հարված է միջազգային հանրության ջանքերին, որոնք ուղղված են ահաբեկչության դեմ պայքարին: Այս մասին հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Սերբիայի պաշտպանության նախարարի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
«Այդ ջանքերին ուղղակի հարված էր»,-ասաց նա, ավելացնելով, որ Հայաստանը ՌԴ ռազմավարական գործընկերն է:
«Հիմա պետք է սպասել և տեսնել, թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան: Համենայն դեպս, համապատասխան որոշումներ ղեկավարների կողմից կընդունվեն, կարծում եմ, որ միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն այն բանին, որ սրացումներ չլինեն»,-ասաց Օհանյանը:
Նախարարի խոսքով, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի մարտական և օպերատիվ պլանավորում, դրա շրջանակում իրականացնում է ընդհանուր գործունեությունը. «Գիտեք, որ Ռուսաստանի ռազմաբազայի գոյությունը այստեղ ընդհանրացնում է անվտանգության ապահովման խնդիրները, որոնք դրված են ՀՀ համար: Կարծում եմ, որ այս պլանների շրջանակներում էլ մենք այսօր գործում ենք»: